Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի

ԱՄՆ-ը շարունակում է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերը՝ այն տեղեկությունների ֆոնին, թե Վաշինգտոնը քննարկում է այդ գործելակերպը դադարեցնելու հնարավորությունը։

CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Պենտագոնը և ԱՄՆ պետքարտուղարությունը հանգստյան օրերին Կիևին նախազգուշացրել են, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը։

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երեքշաբթի գիշերը երկրի արևմտյան գործընկերները Կիևին չեն տրամադրել հրթիռների արձակման վերաբերյալ հետախուզական տվյալներ։

«Պարզապես թույլ տվեք ասել, որ փաստ է՝ ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է փոխանակում Ուկրաինայի հետ, բայց մենք էլ Ուկրաինայից մեծ ծավալի հետախուզական տվյալներ ենք ստանում»,- Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է Ուիքերը՝ ընդգծելով, որ դա փոխադարձ գործընթաց է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել Զելենսկու՝ խաղաղության պայմանավորվածությունների հասնելու և ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու հարցում անպատրաստ լինելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։

Share.