Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր արգելք է սահմանել Ռուսաստանում վրացական արտադրության առանձին ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների ներմուծման և շրջանառության վրա, հայտնում է РБК-ն՝ հղում անելով խմբագրության տրամադրության տակ գտնվող փաստաթղթին և ալկոհոլային շուկայի ու խոշոր առևտրային ցանցի աղբյուրներին։

Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումը մտցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ նախատեսված ժամանակավոր սանիտարական միջոցառումների շրջանակում։ Այն վերաբերում է այն ապրանքներին, որոնք չեն համապատասխանում զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկաքիմիական և անվտանգության սահմանված չափանիշներին։

Արգելքի տակ են հայտնվել «Թելիանի Վելի», «Թբիլվինո» և «Վայնմեն» ընկերությունների գինիները, ինչպես նաև «Ասկանելի եղբայրներ» արտադրողի գինիներն ու կոնյակը։ Սահմանափակումները տարածվում են նաև «Վրացական գարեջրային ընկերության» արտադրանքի, Վրաստանում արտադրված ուժեղ գազավորված Coca-Cola-ի և «Հելսի Վոթեր» ընկերության «Նաբեգլավի» հանքային ջրի վրա։

РБК-ի աղբյուրը ալկոհոլային շուկայում հաստատել է սահմանափակումների մասին տեղեկությունը։ Խոշորագույն առևտրային ցանցերից մեկի ներկայացուցիչը նույնպես հայտնել է պարբերականին, որ համապատասխան նամակը ստացվել է։

РБК-ն հարցումներ է ուղարկել «Ռոսպոտրեբնադզոր», Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիա (АКОРТ), ինչպես նաև X5, «Մագնիտ», «Լենտա», Spar, «Աշան» և Metro առևտրային ցանցերին։

Ավելի վաղ ռուսական գերատեսչությունը սահմանափակումներ էր մտցրել նաև հայկական ըմպելիքների նկատմամբ։ 2026 թվականի մայիսին «Ռոսպոտրեբնադզորը» կարգադրել էր կասեցնել հայկական երեք արտադրողների՝ «ՎԵԴԻ-ԱԼԿՈ»-ի, Աբովյանի կոնյակի գործարանի և «Շահնազարյան» գինու-կոնյակի տան ալկոհոլային արտադրանքի իրացումը՝ պարտադիր պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելուց հետո։

Ապրիլին գերատեսչությունը նաև կասեցրել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը։ Պատճառը, իբր, հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների պարունակության թույլատրելի ցուցանիշների գերազանցման հայտնաբերումն էր։

Share.