Իսլամական պետության հասցեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնչեցրած հայտարարություններին ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին նվաստացուցիչ պարտություն է սպասվում։

Ուրբաթ ուշ երեկոյան X սոցցանցում արած գրառման մեջ Ղալիբաֆը հիշեցրել է նվաճողների այն պատմական փորձերը, որոնք միտված են եղել հին քաղաքակրթությունների ոչնչացմանը։

«Պատմության ընթացքում մենք՝ իրանցիներս, միշտ դիմակայել ենք նրանց, ովքեր իրենց տիեզերքի տիրակալ էին հռչակում ու ձգտում երկրի երեսից ջնջել հին քաղաքակրթությունները։ Նրանք գալիս էին հուր ու բոցով, իսկ հեռանում՝ խայտառակված ու անպատիվ»,— գրել է նա։

«Նրանք, ովքեր ուզում են ժառանգել Ալեքսանդրի փառքը, կկիսեն Վալերիանի ճակատագիրը. դուք ստիպված եք լինելու ծնկի գալ»,— հավելել է իրանական խորհրդարանի ղեկավարը։

Ալեքսանդր Մակեդոնացին Պարսկական տերությունը նվաճել էր մ.թ.ա. 4-րդ դարում, իսկ հռոմեական կայսր Վալերիանը մ.թ. 260 թվականին գերի էր ընկել պարսից արքա Շապուհ I-ին՝ Եդեսիայի ճակատամարտում կրած պարտությունից հետո։ Իրանում այս պատմական դրվագը հաճախ են հիշատակում որպես հզոր հակառակորդին նվաստացնելու խորհրդանիշ։

Չորեքշաբթի Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Իրանը «լիովին կորցրել է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը»։ Որպես փաստարկ՝ նա մատնանշել էր սեպտեմբերին Պարսից ծոցի երկրներից նավթի արտահանման ծավալների վերականգնումը։

Share.