Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2026 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակներում դիմած դիմող շուրջ 626 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 500 մլն հազար դրամ։  Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ծրագրերի համար դիմողների թվի աննախադեպ աճը, ինչպես նաև 28.08.2026թ. դրությամբ փաստացի ցուցանիշների հիման վրա կատարված կանխատեսումները։ Աջակցություն կտրամադրվի՝ 170-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 1 մլն դրամ), 120-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 30 հազար դրամ), 336-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (յուրաքանչյուրին միջինում 970 հազար դրամ)։ 

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը  ներկայացրել է ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17,609 շահառուի։ Ըստ նախարարի՝ 13,2 մլրդ դրամի աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։ 2026 թվականին ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 2 425 շահառուի։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրն ընդունվել է 2020 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։ «Բայց տեսնելով, թե ինչպիսի ազդեցություն ունի այս ծրագիրն ընտանիքների վրա, մենք արդեն նոր ծրագիր ենք շրջանառում և  շուտով կներկայացնեք Կառավարության քննարկմանը։ Այն հիմնված է  գործող ծրագրի տրամաբանության վրա՝ որոշակի փոփոխություններով, որոնք դուրս են բերվել ծրագրի մշտադիտարկման արդյունքում։ Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»,-ասել է նախարարը։

Share.