Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ անհետ կորածների որոնման և նրանց ճակատագրերը պարզելու հարցում։ Հոկտեմբերի 8-ի ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդգծելով, որ խնդիրը գտնվում է Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ հայկական կողմը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ «Այլ հարց է, որ Ադրբեջանում որոշ շրջանակներ այս հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով և ատելություն գեներացնում։ Մեր մոտեցումն այլ է», — հայտարարել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս պահին հայկական կողմից կա շուրջ 1000 անհետ կորած։
Անդրադառնալով պաշտպանական բյուջեի ավելացմանը՝ վարչապետը նշել է, որ դա անհրաժեշտ է բանակի բնականոն զարգացումն ապահովելու համար։
Կրկին հաստատելով համագործակցելու պատրաստակամությունը՝ Փաշինյանը նկատել է, որ երկու երկրների հանձնաժողովները կարող են ավելի սերտ աշխատել, սակայն կա մեկ այլ խնդիր՝ տեղեկատվության պակասը։ «Ադրբեջանական որոշ շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր մենք տեղյակ ենք, բայց չենք ցանկանում հայտնել։ Նույնը մենք կարող ենք ասել։ Ճիշտ ճանապարհը համագործակցելն է, հարցը լուծելն ու այս էջը փակելը», — եզրափակել է Փաշինյանը։
