Հոկտեմբերի 7-ի երեկոյան ռուսական զինուժը անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Կիևի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Դեսնյանսկի շրջանի 12-հարկանի բնակելի շենքին։ Ըստ նրա՝ հարվածը հասցվել է 10-րդ հարկի ուղղությամբ և հրդեհի պատճառ է դարձել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ավելի ուշ հստակեցրել է, որ հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել. նրանց դիերը հայտնաբերվել են վնասված բնակարաններից մեկում։ Եվս չորս մարդ, որոնցից երկուսը երեխա են, վիրավորվել են։ Փրկարարներին հաջողվել է 22 մարդու կյանք փրկել, այդ թվում՝ ութ երեխայի։

Բացի այդ, անօդաչուի բեկորներն ընկել են Սոլոմենսկի շրջանի հնգահարկ բնակելի շենքի վրա՝ հրդեհ առաջացնելով 1-ից 3-րդ հարկերում։ Օբոլոնսկի շրջանում, ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով, բնակելի շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվել, իսկ Սվյատոշինսկի շրջանում վնասվել է ոչ բնակելի շինություն։ Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքային ռազմական վարչության տվյալների, Կիևում հարձակման հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ 21 մարդ։

«Էկոնոմիչեսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ՝ հարձակման ընթացքում տուժել է նաև Բորշչագովսկիի քիմիադեղագործական գործարանի շենքը. այն Ուկրաինայի դեղ արտադրող խոշորագույն ձեռնարկություններից է (ուկրաինա-ամերիկյան համատեղ ընկերություն է)։ Հարվածի տակ է հայտնվել նաև «Աշան» առևտրային ցանցի թարմ մթերքների պահեստը։ Դրանից զատ, էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով մասամբ հոսանքազրկվել են ջրամատակարարման պոմպակայանները։ Որպես հետևանք՝ Կիևի աջ ափին ջրամատակարարման խափանումներ են գրանցվել, հայտնել է Կլիչկոն։

Հոկտեմբերի 7-ի լույս գիշերը ռուսական զինուժը Կիևի ուղղությամբ գրոհել էր նաև անօդաչուներով, թևավոր և բալիստիկ հրթիռներով։ Դարնիցկի շրջանում հարվածը հասցվել էր ավտոտնակների կոոպերատիվին. զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ տուժել։ Հարվածի է ենթարկվել նաև Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի հնգահարկ բնակելի շենքը։ ԱԻՊԾ-ի հաղորդմամբ՝ այնտեղ զոհվել է 22 մարդ, որոնց թվում՝ հինգ երեխա։ Շենքի ևս 54 բնակիչ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել ողբերգության վայրում։

Share.