Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի

Կատարը շարունակում է միջնորդությունը ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ կողմերի միջև հաղորդագրություններ փոխանցելով՝ նրանց դիրքորոշումները մերձեցնելու և ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու նպատակով, հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անժեդ ալ-Անսարին, հաղորդում է Al Jazeera-ն։

Ըստ նրա՝ Դոհան ձգտում է նվազեցնել լարվածությունը և վերականգնել նավարկության լիակատար ազատությունը Հորմուզի նեղուցով, որը միջազգային էներգակիրների մատակարարումների առանցքային ուղիներից մեկն է։

«Կատարը դատապարտում է ենթակառուցվածքների, էներգետիկ օբյեկտների և նավերի վրա հարվածներ հասցնելը, քանի որ դա սպառնում է ժողովուրդների շահերին և խախտում է միջազգային իրավունքի ու բարիդրացիության սկզբունքները»,- հայտարարել է ալ-Անսարին։

Նա նախազգուշացրել է, որ տարածաշրջանում ճգնաժամի և անկայունության շարունակումը կարող է ազդել էներգակիրների, պարենամթերքի և արդյունաբերական արտադրանքի համաշխարհային մատակարարումների վրա՝ միաժամանակ ուժեղացնելով ճնշումը համաշխարհային տնտեսության վրա։

Կատարի ներկայացուցիչն ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի դիվանագիտական ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև պայմանավորվածությունների ձեռքբերմանը։

Share.