Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է չսահմանափակվել օտարերկրյա ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելով և անցնել դրանք պետության համար հարկադիր բռնագրավմանը։ Այսպես է նա մեկնաբանել Nestle-ի, «Աշան»-ի և արտասահմանյան այլ ընկերությունների ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու՝ ՌԴ իշխանությունների որոշումը։
«Տրամաբանական կլիներ օտարերկրյա ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելուց ավելի հեռուն գնալ», – Telegram-ի իր ալիքում գրել է Մեդվեդևը։ Որպես օրինակ նա վկայակոչել է խորհրդային իշխանության առաջին ակտերը, որոնց հիման վրա, նրա խոսքով, արտասահմանյան գործարաններն ու ֆաբրիկաները հարկադիր ու անհատույց կերպով փոխանցվում էին պետությանը։
«Ու ոչ մեկն էլ ոչ ոքի ոչինչ այդպես էլ չվերադարձրեց», – հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Մեդվեդևն այս հնարավոր քայլերը կապել է Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների պատժամիջոցների քաղաքականության հետ։ Նա հայտարարել է, թե եվրոպական պետությունները սահմանափակումներ են մտցնում ռուսական բիզնեսի դեմ և շարունակում են աջակցել Ուկրաինային, մինչդեռ Ռուսաստանում գործող իրենց ընկերություններին վերաբերվում են որպես անձեռնմխելի բանի։
«Իսկ այստեղ, արի ու տես, նրանց ընկերությունները «սրբազան կով» են։ «Ձեռք չտաք Nestle-ին, «Աշան»-ին և մյուսներին, որոնք մեզ բավականին լավ եկամուտներ էին բերում»», – գրել է նա։
Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Nestle-ի, FM Logistic-ի, «Աշան»-ի, «Լեման Պրո»-ի և ևս 12 ընկերությունների ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու մասին։ Ակտիվների կառավարումը վստահվել է 2024 թվականին հիմնադրված «Լ.Ե.Վ. Մենեջմենթ» ՓԲԸ-ին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը որոշումը պատճառաբանել է նրանով, որ այդ ընկերությունները պատկանում են այն պետություններին, որոնց Ռուսաստանի իշխանությունները համարում են ոչ բարեկամական։
Նրա խոսքով՝ «Լ.Ե.Վ. Մենեջմենթ»-ը որպես կառավարող ընկերություն է ընտրվել այն պատճառով, որ «լավագույնս էր համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին»։
Ընդ որում, ակտիվները հարկադիր բռնագրավելու վերաբերյալ Մեդվեդևի առաջարկը նրա անձնական նախաձեռնությունն է. սեպտեմբերի 17-ին ստորագրված հրամանագիրը նախատեսում է դրանց միայն ժամանակավոր փոխանցում կառավարմանը։
