Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելի BRICS-ի անդամ երկրների երկօրյա գագաթնաժողովին, որն անցկացվելու է սեպտեմբերի 12-13-ին։ Կրեմլի ղեկավարին դիմավորել է Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Կիրթի Վարդհան Սինգհը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Euronews-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 11-ին ավելի ուշ Հնդկաստան կժամանի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը նախատեսվում է սեպտեմբերի 12-13-ին։ Սա կլինի նրա առաջին այցը Հնդկաստան 2019 թվականից ի վեր։

«Կա լիակատար վստահություն, որ համաժողովի ընթացքում տեղի կունենան տարբեր հարցերի շուրջ դրական և բովանդակալից քննարկումներ՝ ուղղված համաշխարհային բարեկեցությանը», – սեպտեմբերի 11-ին X հարթակում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Սեպտեմբերի 11-ին ավելի ուշ Մոդին բանակցություններ կվարի Պուտինի հետ։

Ակնկալվում է, որ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում 11 անդամ ունեցող կազմակերպությունը կենտրոնանալու է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմների, ինչպես նաև նավթի և համաշխարհային առևտրի հարցերի վրա։

BRICS-ի հիմնադիր անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այնուհետև կազմակերպությանն են միացել Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ինդոնեզիան: Սաուդյան Արաբիան ներառված է BRICS-ի կազմում, սակայն դեռ չի հաստատել իր անդամակցությունը։

Share.