Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե Լիտվան իր տարածքում միջուկային զենք տեղակայի, երկիրը կհայտնվի ռուսական միջուկային զենքի թիրախում։
«Ի վերջո, եթե դուք միջուկային զենք եք տեղակայում ձեր տարածքում, ապա այն ուղղված է ինչ-որ մեկի դեմ։ Ակնհայտ է, որ այդ զենքը ուղղված չի լինի Արևմուտքին։ Այն ուղղված կլինի Արևելքին, այսինքն՝ մեզ։ Եթե ձեր տարածքում կան միջուկային զենքեր, որոնք ուղղված են մեզ, ապա այդ երկրի տարածքը նույնպես կլինի մեր միջուկային զենքի նշանառության տակ», – ասել է Դմիտրի Պեսկովը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Լիտվայի Սեյմի նախագահ Յուոզաս Օլյակասը հայտնել է, որ խորհրդարանը մտադիր է ձմռանը փոխել Սահմանադրությունը՝ երկրում զանգվածային ոչնչացման զենքի տեղակայման արգելքը վերացնելու համար։
Ներկայում Լիտվայի Սահմանադրությունն արգելում է երկրում զանգվածային ոչնչացման զենքի և օտարերկրյա ռազմական բազաների տեղակայումը։
