Սեպտեմբերի 8-ի ցերեկը ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը գրոհել է ուկրաինական «Մենք՝ Ուկրաինան ենք» (Мы — Украина) հեռուստաալիքի շենքը։ Հարվածի պահին լրագրողներն ուղիղ եթերում էին «Միասնական լուրեր» (Единые новости) հեռուստամարաթոնի շրջանակում, որն ուկրաինական մեդիաները վարում են լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր։ Հիմնական հարվածը բաժին է ընկել նյուզրումին և աշխատասենյակներին։ Նախնական տվյալներով՝ տուժել է հինգ մարդ։ Հեռուստաալիքի շենքը մասնակիորեն ավերվել է, ապա հրդեհ է բռնկվել, որն օպերատիվորեն մարվել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցների կողմից։

««Շահեդներն» ընդդեմ մեդիայի․ սա ռուսական անկման նոր էջ է, և սրան միանշանակ պետք է հետևի Եվրոպայի ու աշխարհի արձագանքը։ Չի կարելի անպատիժ թողնել Ուկրաինային ու ուկրաինացիների կյանքին հասցված հարվածները։ Ռուսաստանին պետք է կանգնեցնել», — հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ընդ որում, «Մենք՝ Ուկրաինան ենք» հեռուստաալիքի շենքը նախկինում ևս վնասվել էր Կիևին հասցված ռուսական հարվածների հետևանքով։ Օգոստոսի 20-ին հեռուստաալիքը հայտնել էր, որ անօդաչու սարքերի գիշերային գրոհի ընթացքում նույնպես վնասվել էր նյուզրումը։ Այն ժամանակ մարդիկ չէին տուժել։

Սեպտեմբերի 8-ի գիշերը ռուսական զինուժը հարվածային դրոններով և բալիստիկ հրթիռներով գրոհել է Կիևը։ Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և ուսումնական հաստատություն։ Զոհվել է երեք մարդ, իսկ ավելի քան տասը հոգի ստացել են վիրավորումներ։ Հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ Կիև կատարած այցի ավարտից անմիջապես հետո։

Share.