Եվրահանձնաժողովը դեռ չի կարող ասել, թե Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ երբ կարող է սահմանվել։ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինիոն։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է վիզայի ազատականացում ակնկալել մինչև 2029 թվականը` Պինիոն նշել է, որ կոնկրետ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է:
«Դեռ շատ վաղ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կամ այլ տարեթիվ կդառնա վիզայի ազատականացման ժամկետ», – ասել է նա:
Հիշեցնենք` Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկեց 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականին Եվրոպական հանձնաժողովը Երևանին փոխանցեց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որոնք բաժանված են 4 հիմնական ուղղությունների՝ փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան, հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:
