Հայաստանն ընդգծում է TRIPP կամ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» անունով հայտնի տարանցիկ և էներգետիկ միջանցքի նկատմամբ իր հավատարմությունը՝ միաժամանակ ձգտելով լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի ու Իրանի հետ։ Այս մասին Semafor պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Դեսպանի խոսքով՝ Հայաստանի համար ընդունելի է առաջարկվող միջանցքի մշակող ընկերությունում ԱՄՆ հսկիչ՝ 74% մասնաբաժինը։ Երևանն ամերիկյան կողմի մասնակցությունը վճռորոշ է համարում խաղաղության համաձայնագրի համար, որը Հայաստանն ու Ադրբեջանն անցյալ տարի ստորագրել էին Թրամփի հետ միասին։ Համաձայնագիրը դեռևս պաշտոնապես չի վավերացվել, իսկ Իրանում ընթացող պատերազմը հարցեր է առաջացնում ինչպես բուն համաձայնագրի, այնպես էլ միջանցքի առաջմղման վերաբերյալ։
Այդուհանդերձ, Մկրտչյանը նշել է, որ TRIPP-ն առաջ է ընթանում․ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն սպասվում է այս տարվա ընթացքում, իսկ հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարվա սկզբին։ «Առանց TRIPP-ի խաղաղության մասին խոսելն անհնար կլիներ»։ Այս պահին ԱՄՆ կառավարությունը ծրագրի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 201 միլիոն դոլար, իսկ նախագծի հետ կապված ընդհանուր տնտեսական ներդրումները գնահատվում են 1,5 միլիարդ դոլար։
Թրամփի վարչակազմն ունի որոշակի մարտահրավերներ՝ կապված Վենեսուելայում իր ավելի ուղղակի տնտեսական ներգրավվածության հետ․ այդ երկրի ղեկավարին հեռացնելուց հետո ԱՄՆ կառավարությունը վերջերս մասնաբաժին է ձեռք բերել տեղի նավթահանքերը մշակող մասնավոր նավթային ընկերությունում։ Մկրտչյանը հայտարարել է, որ TRIPP-ում ԱՄՆ դերի առնչությամբ նման մտահոգություններ չունի՝ ընդգծելով, որ «հայկական ինստիտուտները» կպահպանեն որոշումների կայացման լիազորությունները, իսկ Թրամփի վարչակազմի հսկիչ փաթեթը նշանակում է, որ այն կմնա նախագծի «առանցքային աջակիցը»։
Հարևան Իրանի և ԱՄՆ-ի հետ միաժամանակյա հարաբերություններ պահպանելը կարող է բարդ խնդիր թվալ՝ հաշվի առնելով նրանց միջև ընթացող հակամարտությունը, սակայն Մկրտչյանը դա անվանել է գիտակցված ընտրություն։
Նա հավելել է, որ Հայաստանը «պատրաստ է վերջնական համաձայնագիր ստորագրել» Ադրբեջանի հետ, թեև որոշ հարցեր, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրությունից հղումը հեռացնելու Ադրբեջանի պահանջը, դեռ քննարկման փուլում են։ Հարևան երկրները տարիներ շարունակ դաժան պատերազմ են մղել, որին հաջորդել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումները, որի նկատմամբ Ադրբեջանը պաշտոնապես վերահսկողություն է հաստատել 2024 թվականին։
«Երկու կառավարությունները, ինչպես նաև բարձրաստիճան քաղաքական գործիչներն իսկապես ցանկանում են ջանքեր գործադրել վերջնական խաղաղության պայմանագիր կնքելու համար, բայց մեզ անհրաժեշտ է նաև մերձեցնել մեր հասարակություններին, — Semafor-ին ասել է Մկրտչյանը։ — Կարծում եմ՝ սա ամենաբարդ մասն է։ Դա ժամանակ կպահանջի, որովհետև ցավը դեռ թարմ է»։
Թրամփի վարչակազմը ճնշում էր գործադրում պետությունների մեծ մասի վրա՝ պահանջելով խզել Թեհրանի հետ ունեցած տնտեսական կապերը, որպեսզի վերջինիս ստիպի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Մկրտչյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Հայաստանին նման պահանջ չի ներկայացրել։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների առանցքում շարունակում են մնալ TRIPP-ը և նախագծի առաջիկա նպատակները։
Հարցին, թե ինչպես կարձագանքեր Հայաստանը, եթե ԱՄՆ-ն իսկապես նման պահանջ դնի Իրանի հետ տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների հասնող առևտրային հարաբերությունների վերաբերյալ, Մկրտչյանը կարճ է պատասխանել․ «Ամեն ինչ էլ կարելի է քննարկել»։
Հայաստանը սերտ հարաբերություններ է պահպանում նաև Ռուսաստանի հետ, որի դեմ Թրամփի վարչակազմը պատրաստվում է ներ պատժամիջոցներ կիրառել՝ Ուկրաինայում պատերազմի ձգձգման ֆոնին։ Այդուհանդերձ, Մկրտչյանը հերքել է այն ենթադրությունները, թե իր երկիրը TRIPP-ի և մի շարք այլ համաձայնագրերի միջոցով հեռանում է Ռուսաստանից դեպի ԱՄՆ՝ Հայաստանի վերջին տնտեսական նախաձեռնություններն անվանելով «դիվերսիֆիկացման քաղաքականության» մաս։
Նա ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ մերձեցման Հայաստանի ձգտումը որոշակի անհանգստություն է առաջացրել Ռուսաստանում, սակայն նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը «բացահայտ հայտնել է», որ իր վերջին ակտիվությունը ուղղված չէ Մոսկվայի դեմ։
«Սա ընդդեմ Ռուսաստանի չէ։ Սա ընդդեմ երրորդ երկրների չէ, — ասել է նա։ — Եվ մենք ուրախ ենք, որ հիմա մեր դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում ունենք այնպիսի առանցքային գործընկեր, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Մենք դիվերսիֆիկացնում ենք մեր քաղաքականությունը նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում»։
Հայաստանը դիտարկում է նաև արևմտյան հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Մկրտչյանը նշել է, որ նպատակներից մեկը 1993 թվականին փակված սահմանի բացումն է և հարևան տարածաշրջանների հետ Հայաստանի տրանսպորտային կապն ընդլայնելու համար նախատեսված միջանցքի՝ TRIPP-ի օգտագործումը։
«Մենք շատ մոտ ենք հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը», — ասել է նա Թուրքիայի մասին։
Այս քաղաքականությունն իրականացվում է այն ֆոնին, երբ Փաշինյանի կառավարությունը փորձում է հաղթահարել 1915 թվականի հայերի կոտորածների պատճառով Թուրքիայի հետ ձևավորված լարվածությունը։ Այս տարվա սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի քայլը տարակուսանք էր առաջացրել, երբ նա ջնջել էր իր գրառումը, որտեղ այդ իրադարձությունները որակվում էին որպես «ցեղասպանություն»․ եզրույթ, որն ի դեպ Թրամփի վարչակազմը պաշտոնապես չի կիրառում։
Հարցին, թե արդյոք այդ թեման բարձրացվել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում, Մկրտչյանը նշել է, որ «Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ»՝ միաժամանակ ընդգծելով, որ այն «մեր ժողովրդի հիշողությունն ու ցավն է»։
«Մեզ անհրաժեշտ է առաջ նայել։ Մեզ պետք է հարաբերություններ կառուցել և ճանապարհ գտնել հարևանների հետ գոնե նորմալ հարաբերություններ ունենալու համար, և սա է հիմնական ուղերձը», — ասել է նա։
