Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետություններն աջակցություն են հայտնում Իրանի ինքնիշխանությանը և հանդես են գալիս հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​մեթոդների օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՇՀԿ-ի 25-ամյակի կապակցությամբ Բիշքեկում ընդունված հռչակագրի տեքստում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Ըստ հռչակագրի՝ ՇՀԿ անդամ պետությունները խորը մտահոգություն են հայտնում Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ռազմական հարվածները, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի և երկրի տնտեսությանը զգալի վնասների:

«Նման գործողությունները խախտում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու նորմերը և լուրջ ռիսկեր են ստեղծում միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության համար», – նշել են ՇՀԿ անդամ պետությունները։

«Անդամ պետությունները, կրկին հաստատելով իրենց աջակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հանդես են գալիս հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով կարգավորման օգտին:

Այս առնչությամբ նրանք ողջունում են բոլոր ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում իրադրության ապաէսկալացմանը», – նշված է հռչակագրում:ՇՀԿ կազմում կա 10 պետություն՝ Իրան, Ռուսաստան, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Պակիստան։Հայաստանը ՇՀԿ երկխոսության գործընկեր է 2015 թվականից։

Share.