Արտակ Զաքարյանը գրել է. «Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը
The Wall Street Journal-ը և The New York Times-ը երեկ հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահը Թեհրանին առաջարկել է ամերիկյան նոր հարվածներից խուսափելու համար վերսկսել խաղաղ բանակցությունները:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքն իրականում բոլորովին այլ բանի մասին է։
Մասնավորապես նա նշել է. «Նրանք (Իրանը) բժշկական դեղամիջոցների և այլ բաների հարցում օգնության կարիք ունեն։ Վենսը հարցրեց իմ կարծիքը, և ես ասացի՝ եթե ցանկանում ես զբաղվել դրանով, խնդրեմ։ Ըստ էության, խոսքը հիվանդ մարդկանց համար մատակարարումների մասին է»։
Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը Վենսին հանձնարարել է վերսկսել խաղաղ բանակցությունները, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։
Այսինքն՝ ԱՄՆ նախագահն իր տեղակալի նախաձեռնությունը ներկայացնում է ոչ թե որպես բանակցության նախաձեռնություն, այլ մարդասիրական առաքելություն։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ավելացնում է դեպի Մերձավոր Արևելք իր սպառազինության օդային փոխադրումը:
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսման հնարավորության մասին՝ վերջին երկու օրվա ընթացքում, ԱՄՆ ԶՈւ-ն սկսել է բեռների և տեխնիկայի լայնածավալ օդային փոխադրումը դեպի տարածաշրջան, այդ թվում՝ Իսրայել։
Ինքնաթիռների մի մասը մեկնել է Տեխասի ռազմաբազայից, որտեղ տեղակայված են ՀՕՊ ոլորտում մասնագիտացած ամերիկյան բանակի ստորաբաժանումներն ու համապատասխան միջոցները։
Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել նաև Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ռազմաբազաներում։
Իհարկե չի կարելի ասել, որ նոր ուժերի և միջոցների տեղակայումը նշանակում է, որ կա Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին որոշում: Սակայն, ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումն ու աշխարհագրությունը կարող են վկայել հնարավոր էսկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի և նրանց դաշնակիցների նախապատրաստական աշխատանքների մասին։
Լուսանկարը գեներացված է ԱԻ-ով»:
