Աֆղանստանը կառավարող «Թալիբան»-ը փորձում է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ ամերիկյան ընկերություններին առաջարկելով ներդրումներ կատարել երկրի հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում։
Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին հայտարարել է, որ Քաբուլը պատրաստ է ամերիկյան ներդրումներին։ Ըստ երկրաբանական գնահատականների՝ Աֆղանստանն ունի առնվազն 1 տրիլիոն դոլար գնահատվող, հիմնականում չշահագործված հանքային պաշարներ՝ ներառյալ լիթիում, պղինձ, կոբալտ և ոսկի։
Թալիբանի առաջարկի հիմնական նպատակներից մեկը միջազգային մեկուսացումից դուրս գալն է, պատժամիջոցների թուլացումը և արտերկրում սառեցված մոտ 9,5 միլիարդ դոլարի աֆղանական ակտիվների վերադարձը։ Դրանցից շուրջ 7 միլիարդ դոլարը գտնվում է ԱՄՆ-ում։
Միաժամանակ Վաշինգտոնն առայժմ չի ցուցաբերում հարաբերությունների խորացման մեծ հետաքրքրություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պահանջել Աֆղանստանում գտնվող Բագրամի ավիաբազայի վերադարձը, ինչը Թալիբանը մերժում է։
