ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, այսօր՝ օգոստոսի 31–ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով քննության ժամանակ դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով: Ըստ նրա` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացին։

«Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի, նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա»,- ասել է Սաֆարյանը։

Դատավորը որոշում կայացրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգել երեք ամսով:

Նշենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի. «Արմեն Աշոտյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2009-2016 թթ–ին՝ զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ՝ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208.908.500 << դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ: Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից, այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից»։ 

Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում են այդ  ժամանակահատվածում համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը և պրոռեկտոր Արթուր Ավագյանը։

Share.