Meta Platforms-ը՝ Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությունը, համաձայնել է վճարել մինչև 16,68 միլիարդ դոլար՝ ԱՄՆ նահանգների կողմից ներկայացված դատական հայցերը հաշտությամբ կարգավորելու նպատակով։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ նահանգները պնդում էին, որ Meta-ն իր հարթակները նախագծել է այնպես, որ դրանք երեխաների և դեռահասների մոտ կախվածություն առաջացնեն, մոլորեցրել է օգտատերերին հարթակների անվտանգության վերաբերյալ և ապօրինաբար հավաքագրել երեխաների անձնական տվյալները։
Հաշտության համաձայնագիրը ձեռք է բերվել Կալիֆոռնիայի դաշնային դատարանում ընթացող դատավարության շրջանակում, որին մասնակցում էին 29 նահանգներ։ Համաձայնագիրը թույլ է տալիս խուսափել սոցիալական մեդիա ընկերությունների կողմից երեխաներին հասցվող հնարավոր վնասների վերաբերյալ ամենախոշոր և աղմկահարույց դատական քննություններից մեկից։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Meta-ն նաև համաձայնել է ամբողջ ԱՄՆ-ում փոփոխություններ կատարել Facebook-ի և Instagram-ի՝ դեռահասների համար նախատեսված գործառույթներում։ Դրանց թվում են հարթակների օգտագործման օրական սահմանափակումները և գիշերային ժամերին հասանելիության արգելափակումը։
Հաշտության մասին լուրերի հրապարակումից հետո Meta-ի բաժնետոմսերը նախաբորսայական առևտրում աճել են 4,4%-ով։
Այս դատական գործերը ավելի լայն գործընթացի մաս են կազմում։ ԱՄՆ-ի նահանգները, տեղական իշխանությունները, դպրոցական շրջանները և անհատները վերջին տարիներին բազմաթիվ հայցեր են ներկայացրել Meta-ի և սոցիալական մեդիայի այլ խոշոր ընկերությունների դեմ՝ պնդելով, որ նրանց հարթակները նպաստել են երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրների խորացմանը։
Դաշնային դատավարության շրջանակում Կալիֆոռնիան, Կոլորադոն, Կենտուկին և Նյու Ջերսին պնդում էին, որ Meta-ն խախտել է սպառողների պաշտպանության մասին իրենց նահանգային օրենքները։ Միաժամանակ 29 նահանգներ ընկերությանը մեղադրում էին նաև երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին դաշնային օրենքի՝ COPPA-ի խախտման մեջ։
Ըստ այդ մեղադրանքների՝ Meta-ն առանց ծնողներին պատշաճ կերպով տեղեկացնելու կամ նրանց համաձայնությունը ստանալու հավաքագրել է այն օգտատերերի անձնական տվյալները, որոնց անչափահաս լինելու մասին ընկերությունը տեղյակ էր։ Նահանգները պնդում էին նաև, որ այդ տվյալներն օգտագործվել են մեքենայական ուսուցման և գեներատիվ արհեստական բանականության (AI) մոդելների ուսուցման համար։
Meta-ն հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ զգալի ջանքեր է գործադրել իր հարթակներում երեխաներին և դեռահասներին պաշտպանելու համար։ Ընկերությունը նաև պնդել է, որ չէր կարող սպառողներին մոլորեցնել սոցիալական ցանցերից կախվածություն առաջացնող լինելու հարցում, քանի որ «սոցիալական ցանցերից կախվածությունը» պաշտոնապես ճանաչված հոգեբուժական ախտորոշում չէ։
