Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ընտրություններից հետո անցկացնել մոբիլիզացիայի նոր ալիք, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ Մոսկվան 2026 թվականին մտադիր է բանակ ներգրավել ևս 300 հազար մարդու։

«Համոզված ենք, որ ընտրություններից հետո նրանց մոտ մոբիլիզացիա կլինի։ Կարծում ենք, որ այն չի լինելու կենտրոնական քաղաքներում։ Բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի շատ լավ թաքցնել»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում մոբիլիզացիան նախատեսվում է անցկացնել հիմնականում ծայրամասերում։ Ավելի վաղ Կրեմլի նպատակը մոտ կես միլիոն մարդ հավաքագրելն էր, սակայն ներկայիս ռազմավարությունը նախատեսում է 2026 թվականին հավելյալ 300 հազար զինծառայողի ներգրավում, իսկ 2027-ին՝ որոշակի քանակի։

Զելենսկին նաև նշել է, որ ռուսական բանակի առաջնահերթ նպատակը ռազմաճակատում շարունակում է մնալ Կոնստանտինովկա — Սլավյանսկ ուղղությունը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Պուտինը իր գեներալների առջև խնդիր է դրել մինչև տարվա վերջ ավարտել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի օկուպացիան։

Զելենսկին ենթադրել է, որ նոր մոբիլիզացիայի դեպքում Կրեմլը լրացուցիչ ուժերը կբաշխի՝ կախված Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակից։

«Եթե ռուսական զորքերը հաջողություն ունենան արևելյան ուղղությամբ, նոր զինվորականների մի մասը կարող են տեղափոխել ռազմաճակատի այլ հատվածներ։ Մասնավորապես, խոսքը այսպես կոչված «բուֆերային գոտու» հնարավոր ստեղծման մասին է»,- հավելել է նա։

Share.