Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության գրեթե 50 անդամներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ պահանջելով հստակ տվյալներ ներկայացնել Իրանի դեմ պատերազմի իրական ծախսերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։
«Այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես երկշաբաթյա գործողություն, այժմ վերածվել է լայնածավալ պատերազմի. այն շարունակվում է ավելի քան 150 օր, արժեցել է ավելի քան 37 միլիարդ դոլար և խլել 18 ամերիկացի զինծառայողի կյանք», — ասված է դեմոկրատների նամակում։
Օրենսդիրները նաև ընդգծել են, որ պատերազմին զուգահեռ ամբողջ երկրում ապրանքներն ու ծառայություններն ակնհայտ թանկացել են, ինչի պատճառով հակամարտության ֆինանսական ծանրությունն ընկել է ամերիկյան ընտանիքների ուսերին։
Նամակի նախաձեռնողներն են դեմոկրատ կոնգրեսականներ Ջեյսոն Քրոուն, Մեգի Գուդլենդերը և Դերեկ Թրանը։ Նրանք երեքն էլ ԱՄՆ զինված ուժերի վետերաններ են և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների ազգային անվտանգության հարցերով հանձնախմբի համանախագահներ։
Թեև Պենտագոնը պատերազմի ծախսը գնահատում է 37,5 միլիարդ դոլար, իրականում այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։
Հուլիսի վերջին Հեգսեթը Սենատի հատկացումների հանձնաժողովին հայտնել էր, որ հակամարտությունը բյուջեն կազմել է մոտ 37,5 միլիարդ դոլար։
Սակայն NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պենտագոնի ներքին հաշվարկներով պատերազմի իրական գինը զգալիորեն բարձր է. վնասված ռազմաբազաների վերականգնումը, խոցված ինքնաթիռների փոխարինումն ու զինամթերքի պաշարների լրացումը հաշվի առնելու դեպքում ընդհանուր ծախսերը կարող են հասնել 80-ից 100 միլիարդ դոլարի։
Հակամարտությունն ոչ միայն ուղղակի ռազմական, այլև լուրջ ֆինանսական հետևանքներ ունի ամերիկացիների համար։ Գների աճի վրա հատկապես ուժեղ են ազդել Հորմուզի նեղուցում նավարկության նկատմամբ իրանական զինվորականների սահմանած սահմանափակումները։
AAA-ի տվյալներով՝ երկուշաբթի օրվա դրությամբ ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի միջին գինը հասել է մոտ 4,09 դոլարի, մինչդեռ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ընդամենը երկու օր առաջ այն 3 դոլարից ցածր է եղել։
Դեմոկրատները հատուկ ընդգծել են պատերազմի պատճառով առաջացած թանկացումները՝ Թրամփին, նրա ընտանիքին ու «նավթարդյունաբերող ընկերներին» մեղադրելով հակամարտությունն անձնական հարստացման նպատակով օգտագործելու մեջ։
NBC News-ի փոխանցմամբ՝ օրենսդիրները նշել են. «Բենզինը, սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները՝ ամեն ինչ թանկացել է, ու այս ամենի վերջը չի երևում»։
Կոնգրեսականները Թրամփի վարչակազմից պահանջում են հստակ ու ամբողջական պատկերացում տալ, թե իրականում որքան է ԱՄՆ-ի վրա նստում այս ձգձգվող պատերազմը՝ հաշվի առնելով ոչ միայն բուն մարտական ծախսերը, այլև ռազմական ենթակառուցվածքների վերականգնումը, զինամթերքի լրացումն ու սպառողների համար տնտեսական ազդեցությունը։
Դեմոկրատների գլխավոր հարցն այն է, թե ինչու է սկզբում որպես կարճատև գործողություն ներկայացվող հակամարտությունը ձգվում արդեն մոտ կես տարի՝ պահանջելով տասնյակ միլիարդավոր դոլարների լրացուցիչ ծախսեր և չունենալով խաղաղ կարգավորման որևէ հստակ հեռանկար։
