ԱՄՆ-ը մտադիր է 7,5%-ով լրացուցիչ մաքսատուրք սահմանել չինական ապրանքների վրա՝ Պեկինին մեղադրելով ավելցուկային արտադրական կարողություններ ստեղծելու մեջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Որոշումը կարող է ընդունվել հաջորդ ամիս նախատեսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպման նախօրեին։
Նոր միջոցառումը Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում չինական ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր մակարդակը կվերադարձնի մոտ 20%-ի։ Սա այն ցուցանիշն է, որը Պեկինը նախկինում համապատասխան էր համարվում Վաշինգտոնի հետ գործող առևտրային հրադադարի պայմաններին։
Այս սակագները կգործեն Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ սահմանված և Ջո Բայդենի վարչակազմի օրոք երկարաձգված մյուս մաքսատուրքերին զուգահեռ։
Նոր քայլով Թրամփը կփորձի վերականգնել իր պաշտպանողական առևտրային քաղաքականությունը։ Դե տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է Չինաստանից և տասնյակ այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար նրա սահմանած մաքսատուրքերը։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դեռևս չի ձգտում խորացնել Պեկինի հետ առևտրային հակամարտությունը՝ գերազանցելով ձեռք բերված հրադադարի պայմանները։
Անանուն մնալ ցանկացող աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական դրույքաչափերը դեռ հաստատված չեն։ Թրամփը հայտնի է նրանով, որ վերջին պահին կարող է նոր պահանջներ առաջրկել կամ փոփոխություններ մտցնել արդեն պատրաստի որոշումներում։
Քննարկվող տարբերակներից մեկով նախատեսվում է Չինաստանի համար հայտարարել ավելի բարձր մաքսատուրք, սակայն դրա մի մասի գործողությունը կասեցնել, որպեսզի սակագնի փաստացի չափը կազմի 7,5%։
Առայժմ քննարկվում է, թե կոնկրետ ինչպես և ինչ ժամկետով կկասեցվի մաքսատուրքերի գործողությունը։
Զուգահեռաբար Պեկինն ու Վաշինգտոնը ձգտում են երկարաձգել մեկամյա հրադադար սահմանող առևտրային համաձայնագիրը, որի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 10-ին։
