Արևմտյան հետախուզական աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը կազմակերպել է հարձակումների ալիք եվրոպական սպառազինության արտադրության գործարանների վրա, հաղորդում է The Telegraph-ը։
Կրեմլը հավաքագրում է տեղական հանցախմբերի անդամների՝ պաշտպանական ձեռնարկությունները դիվերսիայի ենթարկելու համար, որպեսզի ստուգի ՆԱՏՕ-ի վճռականությունը։
Հետախուզության աշխատակիցների կարծիքով՝ հարձակումները, ըստ ամենայնի, մանրակրկիտ ծրագրված էին այնպես, որ չհանգեցնեն ՆԱՏՕ-ի փոխադարձ պաշտպանության մասին 5-րդ հոդվածի գործարկմանը։
Այս շաբաթ Լատվիան ձերբակալել է իր երեք քաղաքացիների՝ հարևան Էստոնիայում անօդաչու սարքերի արտադրության ձեռնարկությունը հրկիզելու կասկածանքով։
Օգոստոսի 15-ին հրկիզվել է Milrem Robotics ընկերությանը պատկանող շենքը․ դա Տալլինում գործող ընկերություն է, որը զենք է մատակարարում Ուկրաինային։
Այս ընկերությունը Կիևի զինված ուժերի համար անօդաչու ցամաքային տրանսպորտային միջոցների երկու օտարերկրյա մատակարարներից մեկն է։
Էստոնիայում հրկիզումից բացի, միայն այս ամսվա ընթացքում պայթյուններ են տեղի ունեցել նաև Իտալիայի և Բուլղարիայի խոշոր զենքի արտադրության ձեռնարկություններում։
Ավելի վաղ այս տարի հրդեհը քիչ էր մնում ոչնչացներ չեխական գործարանը, որը Ուկրաինայի համար արտադրում է անօդաչու սարքեր և ջերմատեսիլ տեխնիկա։ Ռուսաստանի հնարավոր առնչության վերաբերյալ հետաքննության շրջանակում ձերբակալվել են չորս կասկածյալներ։
