Շվեյցարացի զբոսաշրջիկին դատապարտել են մեկ տարվա ազատազրկման՝ Բալիի բնակիչների համար սուրբ Նյեպի տոնը՝ Լռության օրը, խախտելու համար։
26-ամյա Լուզիան Անդրին Ցգրեգգենը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հրապարակել է Նյեպիի ընթացքում նկարահանված տեսանյութ։ Կադրերում նա ուղղվում է դեպի ամայի լողափ և տեղի ունեցողը անվանում «խելահեղություն»։ Տեսանյութը հետագայում հեռացվել է, սակայն հասցրել է կղզու բնակիչների շրջանում դժգոհության ալիք բարձրացնել։
Զբոսաշրջիկին ձերբակալել են մարտին։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տոնի օրը նա նաև խախտել է տնից դուրս գալու արգելքը և հրապարակումն ուղեկցել հայհոյանքներով։
Նյեպին, կամ Լռության օրը, Բալիի կարևորագույն հինդուիստական տոներից մեկն է։ Այդ օրը կղզու կյանքը գրեթե կանգ է առնում․ բնակիչները մնում են տանը, աղմուկ չեն բարձրացնում, սահմանափակում են էլեկտրաէներգիայի օգտագործումը և զերծ մնում ժամանցից։ Կանոնները տարածվում են կղզում գտնվող բոլոր անձանց վրա, ներառյալ օտարերկրյա զբոսաշրջիկներին։ Տոնի ընթացքում փակվում է օդանավակայանը, սահմանափակվում է ինտերնետի հասանելիությունը, իսկ ժամանցային միջոցառումների անցկացումն արգելվում է։
Այս տարի Նյեպին նշել են մարտի 19-ին։
Դատարանի ընթացքում Ցգրեգգենը հայտարարել է, որ ամբողջությամբ չէր գիտակցում սահմանափակումների խստությունը և մտադրություն չի ունեցել վիրավորելու բալինցիների կրոնական զգացմունքները։ «Ես խորապես զղջում եմ իմ արածի համար և ներողություն եմ խնդրում Բալիի բնակիչներից», — հայտարարել է նա, ըստ Associated Press-ի։
Սակայն դատարանը նրա գործողությունները վիրավորական է համարել։ «Այն, ինչ արել է ամբաստանյալը, վիրավորել է Բալիի բնակիչներին, վնասել նրանց հավատքին և հասարակական վրդովմունք է առաջացրել», — հայտարարել է նախագահող դատավորը։
Սա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրացիները բախվում են Նյեպիի կանոնների խախտման հետևանքներին։ Նախկինում զբոսաշրջիկներին ձերբակալել և արտաքսել են սահմանափակումները չպահպանելու համար։
Միևնույն ժամանակ, Բալին շարունակում է գրավել ռեկորդային թվով ճանապարհորդների։ Անցյալ տարի կղզի են այցելել մոտ յոթ միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջային հոսքի աճին զուգահեռ ավելանում է նաև օտարերկրացիների վարքի հետ կապված հակամարտությունների թիվը․ իշխանություններն արդեն բախվել են կրոնական վայրերում վիրավորական արարքների, տեղական երթևեկության կանոնների խախտման և փակ զբոսաշրջային համայնքների ստեղծման դեպքերի։
Բալիի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ մտադիր են ուժեղացնել օտարերկրյա զբոսաշրջիկների վարքի նկատմամբ վերահսկողությունը և ավելի խիստ կանխել տեղական օրենքների ու ավանդույթների խախտումները։
