Ռուսաստանն ակնկալում է, որ Հորմուզի նեղուցով անցումը կմնա ազատ և կիրականացվի առանց սահմանափակումների։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Բորիսենկոն։
«Ռուսաստանը ելնում է նրանից, որ միջազգային նավագնացությանը ծառայող բոլոր ծովային անցումները պետք է ազատ լինեն։ Կարծում ենք, որ այդպես կլինի նաև Հորմուզի նեղուցի հարցում», – լրագրողներին ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում հույս ունեն, որ իրավիճակը պետք է դառնա այնպիսին, որ այդ նեղուցով ցանկացած առևտրային նավագնացություն հնարավոր լինի բոլորի համար՝ առանց որեւէ սահմանափակման:
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:
Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
