Հայաստանում տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ կատարած անձինք բացահայտվել են և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը: Երկու եկեղեցիներից էլ հաղորդում էր ստացվել գողությունների վերաբերյալ:

Նշվում է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

«Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ եկեղեցիներից ու մատուռներից գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին՝ ժամը 16․50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք»,–հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Պարզվել է, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել։ Գողոնի մնացած մասը հայտնաբերվլ է մեքենայում։

Share.