Այս ամռանը ԱՄԷ բարձրաստիճան դիվանագետ Լանա Նուսեյբեն Եվրոպայում խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ դաշնակիցներից մեկի հետ։ Հանդիպումն առանձնապես աչքի ընկնող չէր, սակայն բավական խոսուն էր այն տպավորության շնորհիվ, որը դրա արդյունքներով ձևավորվել էր այդ եվրոպական երկրի պաշտոնյաների շրջանում։

«ԱՄԷ-ն լիովին համերաշխ է Իսրայելի հետ։ Միանգամայն պարզ է, որ նրանց գործընկերությունը սահմաններ չունի», — news.am-ի փոխանցմամբ՝ Middle East Eye-ին պատմել է հանդիպմանը ներկա եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

Սա հակադրվում է այն հարցերին, որոնք շրջանառվում են իշխանական միջանցքներում՝ ԱՄՆ-ից մինչև Ասիա, Մեքքայի համաձայնագրի վերաբերյալ, որը Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը միավորում է փոխադարձ պաշտպանության պակտի շրջանակում։ Շատերը դա դիտարկում են որպես ԱՄԷ և Իսրայելի գործընկերության գլխավոր մրցակից։

Արևմտյան և արաբ պաշտոնյաները դեռ փորձում են հասկանալ, թե որքան միասնական են Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան, էլ չասած այն մասին, թե արդյոք նրանք կկարողանան աջակցել միմյանց իրական զինված հակամարտության դեպքում։

Օրինակ՝ հազիվ էր չորացել Մեքքայի պակտի թանաքը, երբ եմենյան հութիները հարձակվեցին Սաուդյան Արաբիայի Ջիզանում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։ Պակիստանն ու Թուրքիան չկանգնեցին Էր Ռիադի պաշտպանության դիրքում՝ Իրանի հետ կապված խմբավորման դեմ։

Համեմատության համար․ երբ այս տարվա սկզբին ԱՄԷ-ն ենթարկվեց իրանական անօդաչուների և հրթիռների հարձակմանը, Իսրայելը Պարսից ծոցի այս երկիր ուղարկեց «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության մարտկոցներ։ Աբու Դաբին ևս միացավ Իսրայելին՝ Իրանին հարյուրավոր հարվածներ հասցնելու հարցում։

«Իսրայելը պատերազմի ընթացքում ԱՄԷ-ին հսկայական ծառայություն մատուցեց։ Աբու Դաբին դա չի մոռանա», — անանունության պայմանով MEE-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Սակայն երկու բլոկների միջև կան հիմնարար տարբերություններ։ Չնայած ԱՄԷ և Իսրայելի ռազմական համագործակցությանը՝ նրանց հարաբերությունները դեռևս պահպանվում են փակ դռների հետևում։

«Առաջին հայացքից ԱՄԷ և Իսրայելի բլոկը երկու կողմերին էլ ավելի շոշափելի օգուտներ է բերում, սակայն Մեքքայի պակտը, ի վերջո, կարող է ավելի լայն արձագանք ստանալ և ավելի քիչ կապված լինել միանվագ գործարքների հետ», — հայտարարել է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Թեոդոր Սինգերը։

«Մեքքայի ակումբը կարող է ընդլայնվել»

Երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանի հետ պատերազմի թեժ պահին այցելել է ԱՄԷ, Աբու Դաբին շտապեց հերքել այդ պաշտոնական հայտարարությունը։ Շատերի կարծիքով՝ այս անհարմար դիվանագիտությունն ընդգծեց, թե որքան ընդունված չէ այդ դաշինքը իսրայելական և ամերիկյան շրջանակներից դուրս։

Ի տարբերություն դրա՝ Մեքքայի պակտի կնքումը հրապարակային կերպով նշվեց։ Հայտարարվեց, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միասին կատարել են ուրբաթօրյա աղոթքը իսլամի ամենասուրբ քաղաքում։

ԱՄԷ-ն և Իսրայելը համագործակցում են տասնամյակներ շարունակ։ Նրանց կապերը հրապարակային բնույթ ստացան 2020 թվականին, երբ Աբու Դաբին ԱՄՆ միջնորդությամբ «Աբրահամյան համաձայնագրերի» շրջանակում պաշտոնապես ճանաչեց Իսրայեը։

Նրանց միավորում է մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ «Մուսուլման եղբայրների» նկատմամբ թշնամական վերաբերմունքը։ Աբու Դաբիի և Սաուդյան Արաբիայի միջև սրվող մրցակցությունը, որը հրաժարվել է ճանաչել Իսրայելը, կարող է նրանց համար դառնալ ևս մեկ համընկնման կետ։

«Աբրահամյան համաձայնագրերը» նաև ամրապնդեցին իշխող Ալ Նահայան ընտանիքի աջակցությունը Վաշինգտոնում, նույնիսկ այն պայմաններում, երբ Էմիրություններն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ապահովագրում է իր ռիսկերը՝ մերձենալով այնպիսի երկրների հետ, ինչպիսին է Չինաստանը։

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ նշում են, որ ԱՄԷ և Իսրայելի դաշինքին խորությունը չի բավականացնում։ Որոշ իմաստով Մեքքայի պակտը ծառայում է որպես դրա հակակշիռ։

«ԱՄԷ և Իսրայելի դաշինքը քաղաքական պակտ է, սակայն իրականում այն որոշվում է ռազմական և հետախուզական բաղադրիչներով», — MEE-ին ասել է Մերձավոր Արևելքի հարցերով աշխարհաքաղաքական խորհրդատու Այհամ Քամելը՝ հղում կատարելով «Աբրահամյան համաձայնագրերին»։ «Մեքքայի պակտի հիմքում ռազմական բաղադրիչն է, բայց այն կրում է խոր քաղաքական իմաստ», — ավելացրել է Քամելը՝ նշելով, որ ենթադրվում է՝ համաձայնագիրը հիմնվում է փոխադարձ պաշտպանության պարտավորությունների վրա, որոնք նման են ՆԱՏՕ կանոնադրության 5-րդ հոդվածին։

«Իսրայելա-էմիրաթական համագործակցությունն ավելի ճկուն է և տալիս է կոնկրետ արդյունքներ։ Մեքքայի պակտի զարգացումը կընթանա դանդաղ և ժամանակ կպահանջի, բայց այն ունի հանրային աջակցության հիմք, — ասել է Քամելը, — և այս ակումբը կարող է ընդլայնվել»։

Առնվազն թղթի վրա Մեքքայի պակտը տպավորիչ է։

Էր Ռիադի և Անկարայի հարաբերությունները հասել էին ամենացածր մակարդակին 2019 թվականին, երբ Թուրքիան կազմակերպեց աուդիոձայնագրությունների արտահոսք, որոնք բացահայտում էին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունն Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը։ Միայն վերջերս Թուրքիան և Սաուդյան Արաբիան մոտեցրին իրենց դիրքորոշումները Սիրիայի և Սուդանի նման թեժ կետերում։

«Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի դաշինքն ավելի բարդ է, հաշվի առնելով, որ երկրներից յուրաքանչյուրը գործում է տարբեր տարածաշրջանային պայմաններում, և նրանց սպառնալիքների ընկալումն էլ զգալիորեն տարբերվում է։ Շատ էներգիա, ջանք և քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի այս երեք պետությունները գտնեն միասին աշխատելու ուղի և հասնեն գործառնական համատեղելիության», — ասել է Չաթեմ Հաուսի գիտաշխատող և Պարսից ծոցի երկրների փորձագետ Նիլ Քուիլիամը։

Իրանի հետ պատերազմը միայն ամրապնդեց Իսրայելի և ԱՄԷ կապերը։ Մայիսին MEE-ն հայտնել էր, որ երկու երկրները ստեղծել են համատեղ հիմնադրամ պաշտպանության ոլորտում գնումների համար։ Քուիլիամը իսրայելա-էմիրաթական բլոկն անվանել է «ավելի կիրառելի գործնականում»։

«Հարաբերությունները հասցրել են ամրապնդվել և անցել են բազմաթիվ փորձությունների միջով «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրումից ի վեր, և մենք տեսնում ենք, թե ինչպես այս երկու երկրներն ավելի են մերձեցել Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո», — հավելել է նա։

Թուրքիան հայտարարել է, որ իր նոր դաշնակիցները համատեղ զորավարժություններ կանցկացնեն և կխորացնեն համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Վերջինս Անկարայի առանցքային նպատակներից է, ոնը ակտիվորեն առաջ է մղում իր անօդաչուներն ու սպառազինության մյուս համակարգերն ամբողջ Մերձավոր Արևելքում։

ԱՄՆ-ը և Թուրքիան ՆԱՏՕ դաշնակիցներ են, մինչդեռ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ ԱՄՆ-ին ապավինել է որպես իր գլխավոր զենքի մատակարարի։ Պակիստանն ու Թուրքիան համատեղ արտադրում են փոքր ռազմական նավեր, որոնք հայտնի են որպես կորվետներ, ինչպես նաև Kaan կործանիչը։ Նրանք աշխատում են թուրքական հակատանկային հրթիռների արտադրության վրա։ Սաուդյան Արաբիան, իր հերթին, ցանկանում է ստեղծել սեփական պաշտպանական արդյունաբերություն։

Սակայն խոր ինտեգրումը կարող է խնդիր դառնալ։

Պակիստանի գլխավոր ռազմական մատակարարը Չինաստանն է։ Թուրքիան ցանկանում է Սաուդյան Արաբիային վաճառել իր կողմից մշակվող Kaan կործանիչը, սակայն թագավորությունը հետաքրքրված է նաև F-35-ով։ Ամերիկացի պաշտոնյաները MEE-ին հայտնել են, որ Էր Ռիադը դժվար թե գնի երկուսն էլ։

Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան չեն կարող համեմատվել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության ինտենսիվության հետ։ Ընդ որում, Իսրայելը բացահայտ լոբբինգ է անում Սաուդյան Արաբիայի կողմից F-35 կործանիչների ձեռքբերման դեմ։

«Իսրայելացիներն ունեն լայն պաշտպանաարդյունաբերական բազա, ընդարձակ հետախուզական ապարատ և մարտերում փորձարկված հակաօդային ու հակահրթիռային պաշտպանություն, որն ինտեգրված է ԱՄՆ գլխավորած տարածաշրջանային անվտանգության համակարգի միջոցով», — նշել է Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող և Պենտագոնի նախկին պաշտոնյա Էլիզաբեթ Դենթը։

«ԱՄԷ-ն հիմնականում ունի ամերիկյան համակարգեր, որոնք համատեղելի են իսրայելականների հետ, ինչպես նաև ունի փող և տարածաշրջանային ազդեցություն», — ավելացրել է նա։

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ նշում են, որ հենց այն փաստը, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը հրապարակայնորեն ամրագրեցին իրենց համաձայնությունը, նրան աճի տարածք է տալիս՝ պոտենցիալ այն ուղղություններով, որոնցով ԱՄԷ-ի և Իսրայելի դաշինքն վիճակի չէ զարգանալ։

Մեքքայի պակտը «պարունակում է շատ ավելի մեծ ռազմավարական խորություն և փոխադարձ պաշտպանության պարտավորություններ, որոնք ի վերջո կարող են ապահովել ավելի հուսալի զսպման գործոն, — կարծում է Դենթը։ — Բայց այս երկրները դեռ ինտեգրված չեն, ուստի նրանց դեռ երկար ճանապարհ է սպասվում»։

Share.