Իրանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, թաքֆիրական ահաբեկչական խմբավորման երկու բջիջների վնասազերծման մասին, փոխանցում է Mehr-ը։
Իրանի հետախուզության նախարարության տվյալներով՝ չորս մարդ ձերբակալվել է, ևս երկուսը սպանվել են բախումների ընթացքում։
Գերատեսչությունից հայտնել են, որ բջիջները բացահայտվել են Իրանի տարածք ներթափանցելուց հետո։ Գործողությունն իրականացվել է Խաշ քաղաքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի և ոստիկանության հետ համատեղ։
Իրանական կողմի վարկածով՝ խմբավորումների անդամները ծրագրել էին ապակայունացնել իրավիճակը նահանգում և հարձակվել տարածաշրջանի հարավում գտնվող տնտեսական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Ուժայինները հայտարարել են, որ կարողացել են կասեցնել բջիջների գործունեությունը մինչև որևէ հարձակման սկիզբը։
Հետախուզության նախարարությունում պնդում են, որ ձերբակալվածներից երկուսը պատրաստված զինյալներ էին և Իրանի տարածք էին ուղարկվել խմբավորումների կողմից, որոնք գերատեսչությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ։ Այս պնդումների անկախ հաստատում չի ներկայացվում։
Բացի այդ, Զահեդանում իրանական հատուկ ծառայությունները հայտնել են չորս անդամից բաղկացած կազմակերպված խմբավորման վնասազերծման մասին, որին մեղադրել են բռնի հանցագործություններ կատարելու և հասարակական կարգը խախտելու մեջ։
