Հայաստանը պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասին մինչև 2026 թվականի դեկտեմբերը, երբ Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը կքննարկվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ակնհայտ է, որ եթե մինչ այդ պահը հանրաքվեի կոչը չլսվի, առաջնորդները կհաշվի առնեն այդ փաստը՝ համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս», – նշել է նա։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ ասվում է այդ երկրում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա գտնվելու վերաբերյալ համազգային հանրաքվե հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց առանց կոնկրետ ամսաթվի նշման։
«Ընդ որում, արդեն իսկ նշվել է, որ այս հարցը կրկին կքննարկվի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարներին պետք է ներկայացվի զեկույց 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը Հայաստանի նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին», – արձանագրել է Գալուզինը։
