Հյուսիսկորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սկզբում խոսքը հարյուրավորների մասին էր, հետո՝ հազարավորների, իսկ հիմա որոշում է ընդունվել Ռուսաստանի տարածքում 30 000-ից 50 000 հյուսիսկորեացիների տեղակայման մասին։ Նրանք ուսումնասիրում են այս պատերազմը։

Եթե մենք խոսում ենք ճգնաժամերի և մեկ այլ տարածաշրջանում՝ Խաղաղ օվկիանոսում, էսկալացիայի մասին, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ասիական այլ երկրների համար, ապա Հյուսիսային Կորեան, անկասկած, Ռուսաստանի ղեկավարությամբ ժամանակակից պատերազմում փորձ է ձեռք բերելու։ Մենք արդեն հյուսիսկորեական հրթիռներ ենք հայտնաբերել Ուկրաինայի տարածքում։ Այսօր դա արդեն հաստատված փաստ է։ Միանգամայն պարզ է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ընդլայնել իր փորձը ժամանակակից պատերազմում, Ռուսաստանից լիցենզիաներ ստանալ և նրանից ստանալ ամեն տեսակ ռազմական միջոցներ։ Մենք դա շատ լավ ենք հասկանում։

Ուստի, իմ կարծիքով, Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա Ուկրաինայի հետ։ Մենք բաց ենք դրա համար։ Մենք շատ կցանկանայինք աջակցություն ստանալ Հարավային Կորեայից այն ոլորտում, որտեղ մենք պակաս ունենք։ Դրանք հակաօդային պաշտպանության համակարգերն են։ Եվ մենք պատրաստ ենք աշխատել անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագրի և այլ ոլորտների վրա։

Նրանք Սահմանադրության համաձայն իրավական սահմանափակումներ ունեն։ Բայց մենք կցանկանայինք ունենալ այդպիսի համագործակցություն և հույս ենք դնում դրա վրա։ Մեր դիվանագետները կապ են պահպանում», — նշել է Զելենսկին։

Share.