Հայազգի 2 փոքրիկներ բարձրացել են Արարատ լեռը՝ դառնալով 8 տարեկանում լեռը բարձրացած առաջին երեխաները։ Այս մասին հայտնում է «4 գագաթ» լեռնային ակումբը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Մանկապատանեկան լեռնային ակումբի անդամներ Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը դարձել են աղջիկների և տղաների խմբում ամենափոքր մասնակիցները, ովքեր հաղթահարել են Արարատի 5165/5137մ բարձրությունը։
«Սա առնվազն Հայաստանի համար բացառիկ նվաճում է և, հնարավոր է, եզակի արդյունք նաև ավելի լայն՝ միջազգային համատեքստում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
«4 գագաթ» լեռնային ակումբը հայտնում է, որ վերելքին նախորդել է նախապատրաստական երկար փուլ՝ ամիսներ տևած մարզումներ։ Այս ամիսների ընթացքում երեխաները հերթականությամբ հաղթահարել են Հայաստանի տարբեր լեռնային երթուղիներ, ձեռք բերել անհրաժեշտ փորձ, հարմարվել բարձրությանը և նույնիսկ գիշերակաց իրականացրել Արագածի հարավային գագաթին՝ կարևոր քայլ կատարելով բարձրալեռնային պայմաններին հարմարվելու ճանապարհին։
«Իհարկե, Արարատի վերելքն առանց փորձությունների չէր։ Բարձրությունը, գիշերով քայլելն ու հոգնածությունը լուրջ մարտահրավերներ էին, սակայն դրանք լիովին հաղթահարելի էին՝ ճիշտ կազմակերպման, ուղեկցողների և ծնողների վերահսկողության, աստիճանական ակլիմատիզացիայի և երեխաների բացառիկ կամքի շնորհիվ»,- հայտնում են ակումբից։
Նշվում է, որ վերելքի ընթացքում առողջության համար վտանգավոր իրավիճակներ չեն արձանագրվել։
