Մեծամորցի դպրոցական Յուրի Սարիբեկյանը Հյուսիսային բևեռ է ուղևորվել «Գիտելիքի սառցահատ» (Ледокол знаний) միջազգային արշավախմբի կազմում։
«Ռոսատոմի» կողմից ամեն տարի կազմակերպվող արշավախումբը ճանապարհ է ընկել Մուրմանսկից օգոստոսի 4-ին «Հաղթանակի 50 տարին» սառցահատով։
Ինչպես հայտնում են կորպորացիայի մամուլի ծառայությունից, միջազգային թիմի կազմում են Ռուսաստանից ու ևս 22 երկրներից դպրոցականներ և քոլեջների ուսանողներ, ովքեր հաղթել են «Ռոսատոմի» կազմակերպած օլիմպիադայում:
Հայաստանն այս տարի ներկայացնում է Յուրի Սարիբեկյանը, որն ատոմային էներգետիկների ընտանիքից է, Մեծամոր քաղաքի դպրոցներից մեկի շրջանավարտ։
«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվելը՝ իմ արևոտ երկրից աշխարհի սառցե մայրաքաղաք տեղափոխվելը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Յուրին։
Ուղևորության առաջին իսկ օրն անցկացվել է գիտակրթական հագեցած ծրագիր արշավի մասնակիցների համար՝ դասախոսություններ, փորձեր, թիմային առաջադրանքներ և այլն:
Արշավը ներառում է միջազգային և մշակութային փոխանակման ծրագիր։ Մասնակիցները ներկայացնում են իրենց երկրները, պատմում ազգային ավանդույթների մասին, շփվում աշխարհի տարբեր կողմերից եկած հասակակիցների հետ և աշխատում ընդհանուր թիմում: Դպրոցականները Հյուսիսային բևեռ կհասցնեն իրենց երկրների դրոշները։
Արշավախմբի հատուկ հյուրը կլինի ռուս ֆանտաստ գրող Սերգեյ Լուկյանենկոն, որը մասնակիցների համար նաև ստեղծագործական լաբորատորիա կանցկացնի՝ կառաջարկի գիտաֆանտաստիկ պատմվածքի սկիզբը, իսկ դպրոցականները պետք է այն զարգացնելու և ավարտելու իրենց տարբերակներն առաջարկեն։
«Գիտելիքների սառցահատ» նախագիծն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ 2019 թվականից։ 2024 թվականից մասնակցում են Հայաստանի դպրոցականները, օրինակ` 2025թ․-ին մեր երկիրը ներկայացնում էր Ալինա Մնոյանը։
