Ռուսաստանի հետ երկխոսությանը զուգահեռ՝ Հայաստանը քաղաքական և տնտեսական հարթություններում ակտիվորեն խորացնում է միջազգային այլ գործընկերների հետ ունեցած հարաբերությունները։ Այս մասին նշված է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլին անդրադարձող ՏԱՍՍ-ի հոդվածում։
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկիրը ռազմավարական համագործակցության համաձայնագրեր է կնքել Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ պետությունների հետ։ Նա ընդգծել է, որ նախկինում Հայաստանն այդքան շատ երկրների հետ ռազմավարական կապեր հաստատելու հնարավորություն չի ունեցել։
Վարչապետն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Մոսկվան Երևանից «հարաբերությունների բացառիկություն» է ակնկալում, մինչդեռ հայկական կողմի դիրքորոշումն այլ է. «Մենք ասում ենք՝ հարաբերությունները բացառիկ չեն, բայց դրանք պետք է գոյություն ունենան»։
Հրապարակման մեջ նաև հիշատակվում է, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է եվրոպական ինտեգրման ուղին։ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքը խորհրդարանն ընդունել է 2025 թվականի մարտի 26-ին, իսկ ապրիլի 4-ին այն վավերացվել է նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից։
2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ առաջարկելով Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում ցանցը պահպանելու հարցով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս թեման քննարկվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում։ Գործակալության տվյալներով՝ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ նման քվեարկությունը պետք է կազմակերպվի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Փաշինյանի խոսքով՝ հանրաքվեի անցկացումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Եվրամիությանն անդամակցելու հարցը դառնա առավել առարկայական։ Միևնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ Երևանը չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտադիր է համատեղել այդ միությանն անդամակցությունը եվրոպական ինտեգրման հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա հնարավոր է:
Ինչպես հիշեցնում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսին հայտարարել էր, որ այս հարցը շուտափույթ լուծում է պահանջում:
«Պատճառն այն չէ, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք պարզապես ուզում ենք իմանալ այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար է իրագործել Եվրամիությանն անդամակցելու մասին Հայաստանի օրենքն ու միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում, քանի որ այս երկու կառույցների գործունեության հիմքում ընկած նորմերը բացառում են միմյանց», — ասել է Լավրովը։
Ինչպես նշում է գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վերջերս հայտարարել էր, որ Եվրոպական միությանն անդամակցելն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ և կարող է հանգեցնել դրա հետ կապված տնտեսական արտոնությունների դադարեցմանը։ Նրա խոսքով՝ միությունից դուրս գալուց հետո Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատանքի տեղավորվելիս կգտնվեն նույն պայմաններում, ինչ մյուս օտարերկրացիները։ ՌԴ ղեկավարը նաև նշել է, որ էներգակիրների մատակարարման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել հայկական տնտեսության կորուստների (ՀՆԱ-ի մոտ 14%-ի չափով)։
ՏԱՍՍ-ը մեջբերում է նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) դիրքորոշումը, համաձայն որի՝ Եվրամիությունում հասկանում են, որ չեն կարողանա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում հնարավոր տնտեսական կորուստները։ ԱՀԾ պնդմամբ՝ մի շարք եվրոպական երկրներ ԵՄ ղեկավարությանը նաև ազդանշան են տվել, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների առջև։
ԱՀԾ-ում հայտարարել են նաև, որ իրենց գնահատմամբ՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է երկիրը կանգնեցնել խոր տնտեսական ճգնաժամի առջև։
Երկաթուղային կոնցեսիայի հարցը
ՏԱՍՍ-ի հոդվածում նշվում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններում ևս մեկ խնդրահարույց հարց է մնում «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) ընկերության և Հայաստանի միջև կնքված կոնցեսիոն համաձայնագիրը։ Այն նախատեսում է հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման փոխանցումը ՌԵՈւ-ի դուստր ընկերությանը՝ «Հարավկովկասյան երկաթուղուն»։ Փաստաթուղթը ստորագրվել է 2008 թվականի փետրվարին՝ 30 տարի ժամկետով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ այն ևս տասը տարով երկարաձգելու հնարավորությամբ։
2026 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին դիտարկել կոնցեսիան այնպիսի պետություններից մեկին փոխանցելու հնարավորությունը, որը լավ հարաբերություններ ունի թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի հետ (մասնավորապես՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին)։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը պահանջներ չունի Ռուսաստանից, սակայն գործող կոնցեսիան հանրապետության համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»։ Իր հերթին, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի ուշ ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նման գործարքի իրականացման համար օբյեկտիվ պատճառներ չի տեսնում։
Փաշինյանը նաև հավելել է, որ Հայաստանը մտադիր չէ միակողմանիորեն լուծարել կոնցեսիոն համաձայնագիրը և ակնկալում է այս հարցը ռուսական կողմի հետ կարգավորել «բարեկամական մթնոլորտում»։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ համաձայնության բացակայության դեպքում Երևանն իրեն իրավունք է պահապանում օգտագործել օրենքով նախատեսված մեխանիզմները։ Այսպես է վարչապետը պատասխանել ֆրանսիական արբիտրաժի միջոցով համաձայնագիրը լուծարելու հնարավորության մասին հարցին։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովն իր հերթին հայտարարել է, որ կոնցեսիոն համաձայնագրի պայմանների փոփոխման կամ հայկական կողմի նախաձեռնությամբ դրա դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ներդրված միջոցների վերադարձ ակնկալել։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը թույլ է տվել արդիականացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը՝ առանց պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի, իսկ ողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը՝ առանց բաժնետերերին դիվիդենտներ վճարելու։
Վարչապետի հայտարարություններին գնահատական է տվել նաև «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ Նրա կարծիքով՝ Փաշինյանի դիրքորոշումը հանգեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա բարդացմանը։
«Նա սխալ ճանապարհով է տարել և հիմա էլ սխալ ճանապարհով է տանում <…> Նա լարում է հարաբերությունները <…> Ճիշտ նույն կերպ նա նախկինում խոսում էր Ադրբեջանի նախագահի հետ։ Ի՞նչ ստացանք։ Հիմա էլ նա լարում է [հարաբերությունները] մի երկրի հետ, որն Ադրբեջանից 120 անգամ մեծ է։ Երկաթուղու հետ կապված լարում է հարաբերությունները ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանի հետ, ինչը հանգեցրել է պատերազմի», — ասել է Կարապետյանը։
Սահմանափակումների տակ հայտնված ապրանքներ
ՏԱՍՍ-ի հոդվածում նշվում է, որ խախտումներ հայտնաբերելուց հետո Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակումներ է մտցրել հայկական մի շարք ապրանքների ներկրման վրա: Մասնավորապես, սահմանափակումները վերաբերում են կաթնամթերքին։ Ըստ գործակալության տվյալների՝ պարզվել է, որ դրա արտադրության ընթացքում օգտագործվել է վարակված կենդանիների կաթ։ Բացի այդ, հաստատվել են երրորդ երկրներից հումքի օգտագործման դեպքեր ռուսական շուկայի համար նախատեսված յուղոտ արտադրանքի արտադրության ժամանակ՝ չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե դրանց մեջ օգտագործվում է տեղական կամ ԵԱՏՄ երկրների հումքը։
Սահմանափակումները վերաբերել են նաև հայկական որոշ մրգերի, չրերի, բանջարեղենի, սերմնավոր մշակաբույսերի և այլ ապրանքների մատակարարումներին։
Հայաստանի իշխանություններն այս քայլերը ժամանակավոր են համարում և կոչ են անում դրանք որպես պատժամիջոց չդիտարկել։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուսական կողմի քայլերն անակնկալ են եղել Հայաստանի իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ լրացուցիչ «տհաճ անակնկալ» էր այն, որ նախկին մեթոդներն այլևս չեն աշխատում. դրանք նախկինում թույլ էին տալիս «հանգստացնել Մոսկվային» և միաժամանակ շարունակել դեպի Արևմուտք ու Թուրքիա աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ուղին։
Հայաստանը կկորցնի՞ օգուտները
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը էական դժվարություններ չի ստեղծի ռուսական շուկայի համար։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացքում (2015-2025) հանրապետության արտահանումը միության երկրներ աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոնից հասնելով 3,2 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ հայկական ավանդական արտահանման՝ սննդամթերքի, գյուղատնտեսական ապրանքների և ալկոհոլային խմիչքների ավելի քան 80%-ն ուղղվում է ԵԱՏՄ երկրներ։
Ռուս մասնագետների պնդմամբ՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու և լիիրավ անդամի կարգավիճակը կորցնելու դեպքում դեպի միության երկրներ արտահանումը կարող է կրճատվել ավելի քան 60%-ով։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունից նշել են, որ սա կարող է պայմանավորված լինել սահմանին մաքսային ու այլ վերահսկողության վերականգնմամբ, ապրանքների փաստաթղթերի ավտոմատ ճանաչման դադարեցմամբ և լոգիստիկ ծախսերի ավելացմամբ։
Բացի այդ, գազի համար գործող 30% ցածր մաքսատուրքերի շնորհիվ, գերատեսչության տվյալներով, Հայաստանը տարեկան տնտեսում է մոտ 120 միլիոն դոլար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ չի պատկերացնում մի իրավիճակ, երբ իր կառավարության քաղաքականությունը երկիրը կհասցնի անելանելի վիճակի։
«Սա Հայաստանի խնդիրը չէ, այլ ԵԱՏՄ-ի», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ միությունը «փաստացի կաթվածահար է եղել և չի գործում»։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի և ԵԱՏՄ-ի հարաբերությունների հարցը առաջիկայում չլուծվի, կարելի է «կանխատեսել ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։
Քաղաքագետ, ՌԴ հանրային ծառայությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Ալեքսեյ Մարտինովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ, իր կարծիքով, նման հայտարարություններով Փաշինյանը փորձում է ճնշում գործադրել ռուսական սանիտարական ծառայությունների վրա։ Փորձագետը գտնում է, որ Հայաստանը կպահպանի ԵԱՏՄ-ում իր անդամակցությունը, քանի որ նրա տնտեսությունը զգալի առավելություններ է ստանում այդ միությունից։
Մարտինովը նաև հիշեցրել է, որ Հայաստանում ամառային ընտրությունների ժամանակ հաճախ էին այնպիսի պնդումներ հնչում, թե Եվրոպական միությունը կարող է հանրապետության համար փոխարինել ԵԱՏՄ-ին։
«Ինչպես տեսնում ենք, այն ոչինչ էլ չի կարող փոխարինել», — ասել է փորձագետը։
