ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նոր գործընկերային կապեր է հաստատել ԱՄՆ-ի երկու հին մրցակիցների՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարում նրանց աջակցությունը ստանալու հույսով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործընկերությունը ներառում է փորձի փոխանակում, որի շրջանակում չինացի իրավապահները այցելել են ԱՄՆ, իսկ ՀԴԲ-ի գործակալները մեկնել են Չինաստան: Բացի այդ, համաձայնագրի շրջանակում ՀԴԲ-ի աշխատակիցներն ու չինացի սպաները համատեղ ռեյդեր և ձերբակալություններ են իրականացրել:
ՀԴԲ աշխատակիցների տվյալներով՝ Պատելը հուլիսի վերջին է վերադարձել Պեկինից, իսկ նրա ռուսաստանյան այցը նախատեսված է հոկտեմբերին:
Պատելը նշել է, որ այսպես կոչված «ոչ ավանդական գործընկերների» հետ ՀԴԲ-ի համագործակցության նախաձեռնությունները սահմանափակվում են անդրազգային հանցագործությունների որոշակի տեսակներով, ինչպիսիք են մանկական պորնոգրաֆիայի գլոբալ ցանցերն ու կիբեռխարդախության կենտրոնները:
«Սա նոր ու դինամիկ հարաբերություն է, և մենք շատ ուշադիր ենք որոշ հարցերում նրանց թշնամական մոտեցման նկատմամբ: Նրանք չեն պատրաստվում կանգ առնել, բայց եթե կարող ենք հաջողության հասնել Ամերիկայի համար, ապա պետք է երկխոսության մեջ մտնենք: Ամեն ամիս նրանք այստեղ են ուղարկում իրենց շարքային ոստիկաններին, իսկ հաջորդ ամիս մենք ենք մեկնում այնտեղ: Նրանք մեզ հետ շփվում են ամեն օր, ինչը նախկինում երբեք չի եղել», — նշել է նա:
Պատելը հավելել է, որ տեղեկատվության փոխանակումն ունի նեղ շրջանակ և սահմանափակվում է անդրազգային հանցավորության չորս տեսակով, որտեղ հետախուզական տվյալների փոխանակումը կրում է փոխադարձ բնույթ:
«Ի տարբերություն զինվորականների ու հետախույզների՝ մենք կարող ենք իրավապահ ոլորտում նման ակտիվ քայլեր անել, որովհետև սա զուտ ապաքաղաքական գործ է», — նշել է նա:
