Շատ սերունդների ընթացքում Կովկասի հիմնական աշխարհաքաղաքական հարցը եղել է հետևյալը՝ ով է իշխում Կովկասին։ Այսօր առաջ է գալիս ավելի կարևոր հարց՝ ով է ապահովում կապը Կովկասով։ Այդ մասին, news.am-ի փոխանցմամբ, գրվում է The Express Tribune-ի «Կովկասում նոր մեծ խաղը» վերնագրված հոդվածում։

«Ավելի ու ավելի բազմաբևեռ դարձող աշխարհում տարածաշրջանը ձեռք է բերում երեք մրցակցող ինքնություն՝ սահմանային տարածաշրջան, միջանցք և խաչմերուկ։ Այսօր ոչ միայն մեծ տերությունները, այլև միջին և փոքր պետություններն ունեն էական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահեր Կովկասում։ Տարածաշրջանն ունի զարմանալի կառուցվածքային նմանություն Մերձավոր Արևելքի հետ, որի քաղաքականությունը երկար ժամանակ բարդացել է ազդեցության հատվող գոտիներով, չլուծված տարածքային վեճերով, մրցակցող միջանցքներով, արտաքին միջամտությամբ, պատմական և ինքնության հետ կապված վիրավորանքներով ու փոփոխվող դաշինքներով։

Ուստի այսօր տարածաշրջանի առջև կանգնած հարցն այն է, թե Կովկասը կկարողանա՞ այս մրցակցող շահերը վերածել առևտրային հաջողության, թե՞, Մերձավոր Արևելքի օրինակով, կդառնա ևս մեկ հարթակ, որտեղ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու հակամարտությունները կստվերեն փոխկապակցվածությունը։

Բազմաբևեռ աշխարհում Կովկասը, հավանաբար, կդառնա ռազմավարական խաչմերուկ, որտեղ հատվում են Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Իրանի շահերը։ Այն պետությունները, որոնք որոշում են Ասիան Եվրոպային կապող առևտրային ուղիները, էներգատարները և երկաթուղային ցանցերը, կստանան զգալի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ազդեցություն։ Այս իմաստով Կովկասը կարող է սկսել հիշեցնել պատմական «Մեծ խաղը», որտեղ խոշոր տերությունները մրցում են ոչ միայն դիվանագիտական և ռազմական միջոցներով, այլև տնտեսական ազդեցությամբ, ենթակառուցվածքներով և անուղղակի ներգործությամբ։ Այսպիսով, Կովկասը, ըստ երևույթին, դատապարտված է դառնալու ձևավորվող բազմաբևեռ եվրասիական կարգի գլխավոր ռազմավարական հարթակը։

Կովկասում տրանսպորտային հասանելիության համար պայքարը նախ և առաջ որոշվելու է տրանսպորտային միջանցքների համար մրցակցությամբ։

Հատկապես առանձնանում են երեք միջանցքներ։ Առաջինը Միջին միջանցքն է, որը հայտնի է նաև որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի և Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։ Այն առաջարկում է այլընտրանք Ռուսաստանցով անցնող երթուղիներին և գնալով ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում՝ որպես Ասիան եվրոպական շուկաների հետ կապող օղակ։

Երկրորդը TRIPP-ն է՝ ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող նախաձեռնություն՝ հարավային Հայաստանի միջոցով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար, որը կոչված է կապելու Ադրբեջանը նրա Նախիջևանի էքսկլավի հետ և ապահովելու կապ Թուրքիային ու Եվրոպային։

Երրորդը Պարսից ծոց — Սև ծով տրանսպորտային միջանցքն է՝ իրանական նախաձեռնություն, որը մտածված է որպես բազմամոդալ երթուղի, կապող Պարսից ծոցը Եվրոպայի հետ Հայաստանի և Վրաստանի միջոցով, ապա նաև Սև ծովով։ Միասին այս մրցակցող միջանցքները կարող են փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բնապատկերը։ Տրանսպորտային հասանելիության համար պայքարը կարող է դառնալ ձևավորվող կովկասյան կարգի որոշիչ աշխարհաքաղաքական ճակատամարտերից մեկը։

Էներգակիրների փոխադրման աշխարհաքաղաքական ասպեկտները ԱՄՆ-ին բերել են տարածաշրջան։ ԱՄՆ-ը տարածաշրջանը դիտարկում է ոչ միայն որպես ռուսական ազդեցությունը սահմանափակելու միջոց, այլև որպես Իրանի ռազմավարական խորությունը նվազեցնելու եղանակ։

ԱՄՆ-ի դիվանագիտական մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին արտացոլում է այս ավելի լայն ռազմավարությունը։ Թուրքիան դարձել է ամենաազդեցիկ տարածաշրջանային տերությունը՝ Ադրբեջանի հետ վերջին շրջանում սերտ կապերի շնորհիվ։ Մյուս կողմից, Իրանը մտահոգությամբ է վերաբերվում իրեն հարևան Հայաստանից մեկուսացնելու ցանկացած փորձի։ Թեհրանը ուշադիր հետևում է ցանկացած տրանսպորտային միջանցքի, որը կարող է նվազեցնել իր տարածաշրջանային ազդեցությունը և վնաս հասցնել իր առևտրային շահերին։ Չինաստանի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ հիմնականում տնտեսական բնույթ ունի և դրսևորվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը նրա մասնակցությամբ, երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների զարգացմամբ, ինչպես նաև եվրասիական առևտրով։

Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսիայի չլուծված հարցերը խոչընդոտում են Ռուսաստանի բնական և գոյություն ունեցող մուտքը Հայաստան՝ երկաթուղային միջանցքով։ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցությունը փակ է 1990-ականների սկզբից, իսկ չկարգավորված վրաց-աբխազական հակամարտությունը լուրջ քաղաքական խոչընդոտ է Ռուսաստան — Աբխազիա — Վրաստան — Հայաստան երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Կովկասն արդեն էվոլյուցիայի է ենթարկվել՝ իր պատմական բուֆերային գոտու դերից վերածվելով մրցակցային և վիճահարույց էներգետիկ ու տրանսպորտային միջանցքի։

Ռուսաստանի ապագա դերը կմնա ամենակարևոր ասպեկտներից մեկը։ Ռուսաստանի ներկայիս ռազմավարությունը Կովկասում կայանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման, Հայաստանի հետ կապերի պահպանման և Հյուսիսային Կովկասում ռազմավարական դիրքի պահպանման մեջ։ Տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավոր հանդես գալու նրա կարողությունը նվազել է, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո, բայց մեծապես նաև՝ Ուկրաինայում պատերազմին շարունակական ներգրավվածության պատճառով։

ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև Իրանի միջև դիմակայությունը, Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները, Պարսից ծոցի երկրների մասնակցությունը տարածաշրջանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Իրանի միջև ավելի լայն մրցակցությունը, հավանաբար, կդառնան այն գործոնները, որոնք կարող են ձևավորել ապագա կովկասյան քաղաքականությունը։

Իրանը հատկապես մտահոգված է անվտանգության ոլորտում Իսրայելի և Ադրբեջանի համագործակցության ընդլայնմամբ և իր հյուսիսային սահմանի երկայնքով թուրքական ու արևմտյան ազդեցության խորացմամբ։ Պարսից ծոցի երկրները գնալով ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կովկասյան էներգետիկ ռեսուրսների, ներդրումների և տրանսպորտային ենթակառուցվածքների նկատմամբ, մինչդեռ արևմտյան տերությունները տարածաշրջանը դիտարկում են որպես ռուսական և իրանական երթուղիներից կախվածությունը նվազեցնելու միջոց։

Ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքի հակամարտությունները, ինչպես նաև ձևավորվող դաշինքներն ու գործընկերությունները, հավանաբար, կազդեն տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների և էներգետիկ ցանցերի անվտանգության հաշվարկների վրա։ Այսպիսով, Կովկասը մոտենում է ռազմավարական ընտրության։ Այն կարող է մնալ սահմանային կետ, որտեղ միմյանց դիմակայում են մրցակցող տերությունները, դառնալ միջանցք, որով մրցակցող տերությունները պարզապես ձգտում են անցնել, կամ վերածվել խաչմերուկի, որտեղ մրցակցող շահերը վերափոխվում են առևտրի, ներդրումների և փոխկախվածության», — ասվում է հոդվածում։

Share.