Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Շուշան» արտադրական կոոպերատիվին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) արտադրական գործունեությունը:
Այդ մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝ արտադրական շինության հատակների մակերևույթների մի մասը եղել է քայքայված, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, արտադրամասը չի ունեցել սանհանգույց, անձնակազմի համար հանդերձարան։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
