Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ բանակցություններում մնացել է ընդամենը մեկ կամ երկու չլուծված հարց, Al Jazeera-ին հայտնել է իրանական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով՝ այդ տարաձայնությունները «առանձնապես բարդ չեն թվում», և «այլ կողմերի բացասական միջամտության» բացակայության դեպքում համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։

Աղբյուրը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի փակվել Իրանի և Օմանի միջև եղած տարաձայնությունների պատճառով։ Նրա խոսքով՝ նեղուցով նավարկության հնարավոր փակումը կամ վերսկսումը կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից, որոնք Թեհրանը կարող է դիտարկել որպես միջազգային իրավունքի խախտում։

Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ այս պահին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի այցելի Իսլամաբադ։ Այնուամենայնիվ, նման այցը կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ կախված դիվանագիտական գործընթացի զարգացումներից։

Share.