ՆԳՆ-ն ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ նրանց կողմից հանցագործություն կատարելու փաստերով։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
«Ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար»,- հայտնում են գերատեսչությունից։
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝
հայտարարվել է «նախազգուշացում»` 11,
հայտարարվել է «նկատողություն»` 86,
հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19,
hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19,
«ծառայության դադարեցում»՝ 11։
Եվս 11 ոստիկան ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։
Կարգապահական տույժ է կիրառվել նաև 3 փրկարարի նկատմամբ,1 փրկարարական ծառայող էլ ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։
Կարգապահական տույժեր են կիրառվել նաև ՆԳՆ ենթակա ՊՈԱԿ-ների ծառայողների և աշխատողների նկատմամբ։
