Իրանը մտադիր չէ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը վերադարձնել այն վիճակին, որը գոյություն ուներ ռազմական սրումը սկսվելուց առաջ, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, տեղեկացնում է Fars-ը։

Բաղային հայտնել է, որ Իրանի և Օմանի միջև ջրային ուղու վերաբերյալ բանակցություններն ուղղակիորեն կապված չեն դրա բացման կամ փակման հարցի հետ։ Ըստ նրա, նեղուցով երթևեկության սահմանափակումը դարձել է «ԱՄՆ-ի դիվերսիաների և Իրանի ռազմածովային շրջափակման» հետևանք։

«Իսլամական Հանրապետությունը գործում է՝ ելնելով ազգային շահերից և անվտանգության նկատառումներից և չի փոխի իր որոշումները սպառնալիքների ու ճնշման ազդեցության տակ»,- հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ Օմանի հետ խորհրդակցությունները երկկողմ են և միտված են մշակելու «մեխանիզմ, որը կապահովի Իրանի շահերը»։

Ըստ Բաղայիի, նման քննարկումները շարունակվում են արդեն երկար ժամանակ և նոր նախաձեռնություն չեն։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել իր դիրքորոշումներից՝ ԶԼՄ-ների կողմից հնչող սպառնալիքների կամ ճնշման պատճառով։

Share.