Brexit-ից հետո երկրում ապրելու կարգավիճակ ստացած Եվրամիության որոշ քաղաքացիների բնակության իրավունքները Մեծ Բրիտանիան սկսել է վերանայել, հայտնում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությունն առնվազն 100 մարդու տեղեկացրել է, որ նրանց թույլտվությունները տրվել են «սխալմամբ», ինչի հետևանքով վտանգվել է երկրում նրանց հետագա մնալը։

Խոսքը վերաբերում է ԵՄ այն քաղաքացիներին, որոնք ստացել էին, այսպես կոչված, ժամանակավոր բնակության կարգավիճակ (pre-settled status)։ Այն տրամադրվել էր մոտ 1,3 միլիոն մարդու, որոնք Միացյալ Թագավորության՝ Եվրամիությունից դուրս գալու պահին Մեծ Բրիտանիայում գտնվել էին հինգ տարուց պակաս։

Բրիտանական ՆԳՆ-ի տվյալներով, գերատեսչությունը ստուգում է ԵՄ քաղաքացիների այն դեպքերը, երբ նրանք դիմում են մշտական բնակության կարգավիճակի անցնելու համար։ Ստուգումները վերաբերում են նաև երեխաներին, Եվրոպական տնտեսական գոտու մեջ չմտնող երկրների քաղաքացիներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնք Մեծ Բրիտանիա են ժամանել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։

Իրավապաշտպանները զգուշացնում են, որ նման քաղաքականությունը կարող է ազդել շատ ավելի մեծ թվով մարդկանց վրա։ Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների շահերը ներկայացնող the3million կազմակերպությունը հայտարարել է, որ շատ մարդիկ կարգավիճակ են ստացել իշխանություններից, գործել են բարեխղճորեն և մի քանի տարվա ընթացքում հասցրել են իրենց կյանքը կառուցել այդ երկրում։

Իրավիճակը մտահոգություն է առաջացրել Անկախ մոնիթորինգային մարմնի մոտ, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի կատարման վերահսկման համար։ Գերատեսչությունում հայտարարել են, որ Ներքին գործերի նախարարությանը հայտնել են իրենց մտահոգությունները. նոր գործելակերպը կարող է չհամապատասխանել Brexit-ի համաձայնագրի պայմաններին։

Բրիտանական ՆԳՆ-ից հայտնել են, որ այն մարդիկ, որոնց կարգավիճակները ճանաչվել են սխալմամբ տրված, կկարողանան օգտվել ներգաղթի այլ ընթացակարգերից կամ բողոքարկել որոշումները։ Սակայն քննադատները կարծում են, որ նախկինում տրամադրված իրավունքների վերանայումը լուրջ անորոշություն է ստեղծում ԵՄ այն քաղաքացիների համար, որոնք տարիներ շարունակ Մեծ Բրիտանիան իրենց տունն են համարել։

Share.