Առնվազն յոթ մարդ է զոհվել, իսկ ավելի քան 20-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիսում՝ Սվատ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել ոստիկանության բաժնի մոտ, որտեղ այդ պահին անցկացվում էր քաղաքացիական հասարակության ակցիա։
Ինչպես AFP-ին հայտնել է Սվատ շրջանի ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ Ֆիդա Հուսեյնը, զոհվածների թվում են ոստիկանության չորս աշխատակիցներ։ Ըստ նրա, շատ տուժածներ գտնվում են ծանր վիճակում։
Ոստիկանության տվյալներով, ահաբեկիչը փորձել է ներթափանցել ոստիկանության բաժնի տարածք, որը գտնվում է մարդաշատ խաչմերուկի մոտ, սակայն նրան կանգնեցրել են գլխավոր դարպասների մոտ։ Դրանից հետո նա գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ սարքը։
Հարձակումը տեղի է ունեցել Խայբեր-Փախտունխվա նահանգում, որտեղ պակիստանյան ուժայինները պայքարում են «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորման ուժեղացած ակտիվության դեմ։ Հրապարակման պահին ծայրահեղական կազմակերպություններից և ոչ մեկը չէր ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Նախօրեին Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել էր, որ տարեսկզբից ի վեր գրոհայինների հարձակումների և դրանց հաջորդած հակաահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 819 զինծառայող և խաղաղ բնակիչ։
Իսլամաբադը բազմիցս նման հարձակումների համար մեղադրել է Աֆղանստանի տարածքից գործող գրոհայիններին։ Քաբուլի իշխանությունները մերժում են այդ մեղադրանքները։ Վերջին ամիսներին երկու երկրների միջև տարաձայնությունները հանգեցրել են հարաբերությունների կտրուկ վատթարացման և սահմանին զինված բախումների։ Հունիսին Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի արևելյան շրջաններին՝ հայտարարելով, որ թիրախը գրոհայինների բազաներն էին, սակայն Աֆղանստանի իշխանություններն ու ՄԱԿ-ը հայտնել են տասնյակ խաղաղ բնակիչների զոհվելու մասին։
