Հայաստանից շուրջ 200 դիմորդ 2026 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի կառավարության քվոտայով կսկսեն սովորել Ռուսաստանի բուհերում։ Ապագա ուսանողների համար հանդիսավոր միջոցառում է անցկացվել Երևանի «Ռուսական տանը»։

Ընդունվածների շրջանում ամենապահանջված ուղղություններն են բժշկությունը, տնտեսագիտությունը և միջազգային հարաբերությունները։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհավորել է դիմորդներին ընդունվելու առթիվ և հաջող ուսումնառություն է մաղթել։

«Բարի երթ եմ մաղթում ձեզ։ Հույս ունեմ, որ ուսումն ավարտելուց հետո Հայաստան կվերադառնաք որպես ուժեղ, կայացած մասնագետներ և ձեր երկիրն ավելի լավը կդարձնեք»,-ասել է Ֆեֆիլովը։

Նա դիմել է նաև ուսանողների ծնողներին՝ հիշեցնելով ռուսաստանյան բուհերում լրացուցիչ կրթության հնարավորությունների մասին։ Ֆեֆիլովը նշել է, որ ՌԴ-ի գրեթե յուրաքանչյուր բուհում արդեն գործում են 3-ից 6 ամիս տևողությամբ կրթական ծրագրեր։ Բացի այդ, քվոտայով կարելի է անվճար սովորել Ռուսաստանի բուհերում ընդհանուր առմամբ մինչև 12 տարի՝ ներառյալ բակալավրիատի, մագիստրատուրայի և հաջորդող կրթական ծրագրերը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովն ընդգծել է, որ մրցութային ընտրությունը բավականին խիստ է եղել։

Share.