Ռուսական զորքերը հուլիսի 30-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ իրականացված զանգվածային հարվածների ընթացքում հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ են կիրառել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ըստ նրա՝ թիրախում է հայտնվել Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե բնակավայրը։ Հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, որոնցից երկուսը՝ երեխաներ։ Զելենսկին ընդգծել է, որ սրանք դեռ նախնական տվյալներ են, և հրթիռի բեկորները ենթարկվելու են լրացուցիչ փորձաքննության։ «Բոլոր փաստերը կստուգվեն, բայց այս պահին հայտնի է, որ սա հյուսիսկորեական բալիստիկ հրթիռ է։ Մոսկովյան վիժվածքների ու Հյուսիսային Կորեայի մոլագար ռեժիմի այս դաշինքը ձևավորվել է հրթիռների ստեղծման, Եվրոպայում ու մեր սահմաններին հյուսիսկորեական զորք տեղակայելու, և մեր ուկրաինացի երեխաներին սպանելու համար», – շեշտել է Զելենսկին։

Reuters-ի զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ գրոհի ընթացքում ուկրաինական ռադիոլոկացիոն համակարգերն արձանագրել են հյուսիսկորեական KN-23 կամ KN-24 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներին հատուկ հետագծեր։ Առայժմ հաստատված է նման հրթիռի հարվածի միայն մեկ դեպք, նշել է գործակալության աղբյուրը։ Ռուսական կողմը հյուսիսկորեական հրթիռային հարվածները սկսել էր դեռ 2023-ի վերջին, սակայն անցած օգոստոսից ի վեր դրանց կիրառումն ընդհատվել է։ Reuters-ի զրուցակիցը չի բացառում, որ Մոսկվան զինամթերքի նոր համալրում է ստացել, ինչն էլ փորձում է օգտագործել օդային ճնշումն ավելացնելու համար։ Հյուսիսկորեական հրթիռները, ռուսական «Իսկանդերների» համեմատ, ավելի հզոր մարտագլխիկ ունեն և ավելի հեռահար են, թեև զգալիորեն զիջում են ճշգրտությամբ, հավելել է աղբյուրը։

Դրանից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ընդունել ևս 30-հազարանոց զորախումբ, ինչպես նաև ակնկալում է ստանալ բալիստիկ հրթիռների նոր արձակման կայանքներ։ Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Փհենյանին պատերազմելու փորձ է փոխանցում և օգնում կատարելագործել սպառազինությունը, ինչը ուղղակի սպառնալիք է «հյուսիսկորեական հրթիռների հասանելիության գոտում գտնվող ասիական պետությունների համար»։ «Մենք անհետևանք չենք թողնի սա և դիմադրելու ենք», – վստահեցրել է նա։

Դրանից առաջ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Ռուսաստանն անցել է սեփական սպառազինության արդիականացմանը՝ կիրառելով հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաները։ Սեփական հրթիռային համալիրներն ավելի հարվածային ու արդյունավետ դարձնելու համար ռուսական կողմը ներդրել է KN-23 հյուսիսկորեական հրթիռների որոշ տեխնիկական մշակումներ։

Share.