Իսրայելական կողմը խիստ վերապահումներով է մոտենում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը զինաթափելու հեռանկարին, որը նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրով։ Այս մասին՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, գրում է The Hill պարբերականը։
Հինգշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ձևավորված Խաղաղության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել «ՀԱՄԱՍ»-ի և Գազայի մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։ Նա ընդգծել է, որ այդ քայլից հետո միայն իսրայելական զորքերը դուրս կբերվեն Գազայի հատվածից։
«Իսրայելում խիստ կասկածամիտ են, թե «ՀԱՄԱՍ»-ը իրոք վայր կդնի զենքերը։ Բայց, մյուս կողմից, այս փուլում իրենցից մեծ ակնկալիքներ չկան․ սա փոխադարձ վստահության մասին համաձայնագիր չէ, այլ կոնկրետ պայմանների վրա հիմնված գործարք։ Իրավիճակի զարգացմանը զուգահեռ՝ յուրաքանչյուր կողմ ստիպված է լինելու կատարել իր վերցրած պարտավորությունը»,- պարզաբանել է թերթի զրուցակիցը։
The Jerusalem Post-ը նույնպես հայտնել է, որ Իսրայելի ղեկավարությունն այս պլանի իրագործման հետ կապված իր մտահոգություններն ու կասկածներն արդեն փոխանցել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Խաղաղության խորհրդի ներկայացուցիչ Թոնի Բլերին։
