Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան երկրի բնակիչներին կոչ է արել ձեռնպահ մնալ Բելառուս մեկնելուց՝ անվտանգության պահպանվող ռիսկերի և բելառուսական ռեժիմի գործողությունների պատճառով, որոնք Լատվիայի իշխանությունները դիտարկում են որպես հիբրիդային պատերազմի տարրեր, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով լատվիա-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը և Լատվիայի քաղաքացիների համար հնարավոր անկանխատեսելի հետևանքները՝ անհրաժեշտ է ուշադիր գնահատել սահմանը հատելու անհրաժեշտությունը։

Նրանց, ովքեր ծրագրում են մեկնել Բելառուս, ինչպես նաև նրանց, ովքեր արդեն գտնվում են այդ երկրի տարածքում, իշխանությունները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ վերադառնալ Լատվիա։

«Հիբրիդային պատերազմի պայմաններում անհնար է կանխատեսել՝ ինչպես կզարգանա իրավիճակը։ Ուստի անհրաժեշտ է ականջալուր լինել պետական հաստատությունների նախազգուշացումներին և խուսափել Բելառուս մեկնելուց առանց ծայրահեղ անհրաժեշտության»,- հայտարարել է Դոմբրավան։

Լատվիայի իշխանությունները հայտնել են նաև, որ Բելառուսի կողմից միգրացիոն ճնշումը մնում է երկրի անվտանգության առանցքային մարտահրավերներից մեկը։ Ռիգայի գնահատմամբ՝ անօրինական ներգաղթյալների կազմակերպված հոսքն բելառուսական ռեժիմն օգտագործում է որպես հիբրիդային ներգործության գործիք։

2021 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2026 թվականի հուլիսի 30-ը Լատվիայի սահմանապահ ծառայությունները կանխել են երրորդ երկրների քաղաքացիների կողմից լատվիա-բելառուսական սահմանի ապօրինի հատման 49 հազար 620 փորձ։

Ամենաշատ փորձերը գրանցվել են.

  • 2023 թվականին՝ 13 հազար 863 դեպք,
  • 2024 թվականին՝ 5388 դեպք,
  • 2025 թվականին՝ 12 հազար 46 դեպք,
  • 2026 թվականի սկզբից մինչև հուլիսի 30-ը՝ 8992 դեպք։

2021 թվականի օգոստոսից Լատվիայի առանձին շրջաններում գործում է սահմանի պահպանության ուժեղացված ռեժիմ։ Անվտանգության ապահովմանը մասնակցում են ոչ միայն Պետական սահմանապահ ծառայությունը, այլև Ազգային զինված ուժերը, ինչպես նաև ոստիկանությունը։ Լատվիացի սահմանապահներին լրացուցիչ օգնություն են ցուցաբերում Լիտվայի, Էստոնիայի և Ֆինլանդիայի գործընկերները։

Ըստ Դոմբրավայի՝ Էստոնիան լրացուցիչ ոստիկանների և սահմանապահների կուղարկի Լատվիա՝ Եվրամիության արտաքին սահմանի անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ Որոշումն ընդունվել է, երբ վերջին օրերին Էստոնիայում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ապօրինի ներգաղթյալներ, որոնք նախկինում Բելառուսի կողմից ապօրինի հատել էին Լատվիայի սահմանը։

Բացի դրանից, Լատվիայի Պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ բազմիցս նախազգուշացրել է, որ երկրի քաղաքացիները կարող են հայտնվել ռուսական և բելառուսական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ անկախ նրանց մասնագիտությունից և պաշտպանված տեղեկատվության հասանելիությունից։

Լատվիայի իշխանությունները նշում են, որ Ռուսաստանում կամ Բելառուսում բարդ իրավիճակում հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունները կարող են սահմանափակ լինել։

Երկրի բնակիչներին կոչ են արել հետևել պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությանը և Բելառուս մեկնելուց առաջ ուշադիր գնահատել հնարավոր ռիսկերը։

Share.