Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կիպրոսին կոչ է արել թույլ չտալ իր տարածքում օտարերկրյա ռազմակայանների օգտագործումը Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար, հայտնում է Tasnim գործակալությունը։

Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ հեռախոսազրույցում Արաղչին հայտարարել է, որ մեկ երկրի դեմ հարձակումներ նախապատրաստելու կամ իրականացնելու նպատակով մեկ այլ երկրի տարածքի տրամադրումը կարող է դիտարկվել որպես ագրեսիայի ակտին մասնակցություն՝ ըստ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ ագրեսիայի սահմանման վերաբերյալ բանաձևի։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Կիպրոսում տեղակայված օտարերկրյա ռազմական օբյեկտները «թշնամական ուժերի» կողմից Իրանի դեմ գործողությունների համար օգտագործելը կանխելու անհրաժեշտությունը։

Կոմբոսն իր հերթին հայտարարել է ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին Կիպրոսի հավատարմության մասին։ Նա հայտնել է նաև, որ Նիկոսիան կապի մեջ է բրիտանական կառավարության հետ և հավաստիացումներ է ստացել, որ կղզում տեղակայված բրիտանական ռազմակայանները չեն օգտագործվի որևէ երկրի, ներառյալ՝ Իրանի դեմ։

Կիպրոսը երկու ինքնիշխան բրիտանական ռազմակայանների՝ Ակրոտիրիի և Դեկելիայի տեղակայման վայրն է, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ 1960 թվականին կղզու անկախության ձեռքբերումից ի վեր։

Share.