Բժիշկը զգուշացրել է, որ կտրատված ձմերուկը կարող է վտանգավոր բակտերիաների աղբյուր դառնալ։ Պիրոգովի անվան համալսարանի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Մարիա Սելեզնևան խորհուրդ է տվել գնել միայն ամբողջական ձմերուկներ, քանի որ կտրատված պտուղներում վնասված կեղևի պատճառով պտղամիսը դառնում է մանրէների բազմացման բարենպաստ միջավայր, հատկապես բարձր ջերմաստիճանի պայմաններում։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե արտաքինից փչանալու նշաններ չկան, կտրատված ձմերուկը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Բժիշկը նշել է, որ փողոցային առևտրի կետերից կամ բաց վաճառասեղաններից, որտեղ ձմերուկները չեն պահվում սառնարանում, կտրատված ձմերուկ գնելը կարող է հանգեցնել սննդային թունավորման։

Սելեզնևան խորհուրդ է տվել ընտրել ամբողջական, առանց ճաքերի, վնասվածքների և հարվածների հետքերի ձմերուկներ։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կեղևը մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ։ Եթե, այնուամենայնիվ, գնվել է կտրատված ձմերուկ, այն պետք է պահել միայն սառնարանում և օգտագործել 24 ժամվա ընթացքում։

Share.