ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցություններում «ցանկացած դեպքում շահում է»՝ նշելով երկրի թուլացումն ու նրա միջուկային ծրագրի քայքայումը, փոխանցել է The Guardian-ը։
HBO-ի Real Time with Bill Maher ծրագրի եթերում ելույթ ունենալով՝ Վենսը նշել է. «Եթե մենք վերջնական գործարք կնքենք՝ հրաշալի կլինի։ Եթե չկնքենք՝ նրանց միջուկային ծրագիրը, միևնույն է, քայքայված է, երկիրն էլ, միևնույն է, զգալիորեն թուլացած։ Ուստի իմ դիրքորոշումն այն է, որ Ամերիկան շահում է ցանկացած դեպքում»։
Նա նաև հայտնել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների աճը «ազդանշան է, որ տարածաշրջանում մի ինչ-որ իրական բան է տեղի ունենում»։
Միաժամանակ, Վենսն ընդունել է, որ հրադադարը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև բանակցային գործընթացը՝ փոխըմբռնման 60-օրյա հուշագրի շրջանակում, շարունակում են բարդ մնալ։ Նրա խոսքով՝ «երբ գործ ունես իրանցիների հետ, դա միշտ մի փոքր քաոսային է լինում»։
Պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի կարգավիճակի մասին հարցին՝ Վենսը հայտնել է. «Ի՞նչը ոչնչացված չէ։ Ուրանը հարստացնելու կարողությունը, ահա թե ինչը պետք է ոչնչացվի, և դա ոչնչացված է»։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ հարաբերությունների «խոր վերափոխման», եթե Թեհրանը երկարաժամկետ հիմքով հրաժարվի միջուկային հավակնություններից։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, ԱՄՆ-ը պահպանում է «բոլոր խաղաքարտերն իր ձեռքում»։
Բացի այդ, Վենսը հարցազրույցում անդրադարձել է նաև ԱՄՆ ներքին քաղաքականությանը, ինչպես նաև պաշտպանել է Ռիչարդ Նիքսոնի պատմական դերը՝ հայտարարելով, որ այսօր քաղաքական սկանդալները «կլուծվեին լրատվական շրջափուլի 12 ժամվա ընթացքում»։
Հայտարարությունները հնչել են տարածաշրջանում նոր սրացման ֆոնին. ավելի վաղ հաղորդվել էր Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման մասին, որից հետո ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Վաշինգտոնը հայտարարել է իրանական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին, մինչդեռ Թեհրանը հայտնել է ամերիկյան ուժերի հետ կապված թիրախների դեմ պատասխան գործողությունների մասին։
Վենսը պնդել է, որ Լյուցեռնում իրանական պատվիրակության հետ բանակցությունները հաջող են ընթանում՝ հղում կատարելով նավթի գների նվազմանը և պնդելով, որ Իրանի միջուկային ծրագիրն ուրանի հարստացման սահմանափակումների պատճառով «ֆունկցիոնալ առումով ոչնչացված է»։
Միևնույն ժամանակ, քննադատները նշել են, որ Իրանը դեռևս ունի մինչև 60 տոկոս հարստացված ուրանի պաշարներ, որոնք ձևականորեն երկրից դուրս չեն բերվել, թեև կարող են դժվար հասանելի լինել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ այդ պաշարների կրճատումը կամ երկրի սահմաններից դուրս դրանց տեղափոխումը բանակցությունների շրջանակում մնում է հնարավոր տարբերակ։
