ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համար, դրանց թվում՝ 50 միլիոն դոլար տեղերում աշխատող հումանիտար խմբերին և 100 միլիոն դոլար ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին (OCHA)։ Դրա մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Պետքարտուղարությունը նաև Վենեսուելա է ուղարկում Աղետների արձագանքման թիմ, որի կազմում ներառված են մարդկանց որոնողափրկարարական աշխատանքներում մասնագիտացված երկու ջոկատներ։

Նրանց աջակցություն է ցուցաբերելու Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը միաժամանակ ստեղծել է օպերատիվ խումբ՝ պետական և մասնավոր հատվածների գործողությունները համակարգելու համար։

Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու սերիա։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է առնվազն 188-ի։

Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են մտցրել։ Երկրի կառավարությունը Լա Գուայրա ափամերձ նահանգը հայտարարել է աղետի գոտի։

Share.