Պարսից ծոցի երկրների արտգործնախարարները հինգշաբթի հայտարարել են, որ «իրանական դրածոների և հրթիռների դեմ պայքարը հարատև խաղաղության բանալին է», և որ Թեհրանի հետ ցանկացած առևտուր ու ներդրում կլինեն հետշրջելի և կախված կլինեն նրա կողմից ԱՄՆ-ի հետ համաձայնագրի պահպանումից, հաղորդում է Ֆրանսպրես  գործակալությունը։

«Նախարարները ընդգծել են նաև, որ տարածաշրջանային հարատև խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են Իրանից բխող սպառնալիքների ամբողջ սպեկտրի վերացում, ներառյալ նրա բալիստիկ հրթիռները, անօդաչու թռչող սարքերը և աջակցությունը տարածաշրջանում իր հովանավորյալ ուժերին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված հանդիպման արդյունքներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համանախագահությամբ։

«Իրանի հետ ցանկացած առևտուր և ներդրում պայմանական են և հետշրջելի՝ Փոխըմբռնման հուշագրի ու վերջնական համաձայնագրի Իրանի պահպանման, նրա ապակայունացնող վարքագծի դադարեցման և տնտեսական փոխգործակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման դեպքում»,- նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ հինգշաբթի, Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով՝ միաժամանակ հավաստիացնելով Պարսից ծոցի դաշնակիցներին, որ նրանց շահերը հաշվի կառնվեն։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցմանը։

«Թեև մենք ցանկանում ենք գործարք կնքել, չենք ցանկանում դրան հասնել ամեն գնով,- ասել է Ռուբիոն։- Մենք ցանկանում ենք, որ գործարքը լինի շահավետ, ցանկանում ենք, որ գործարքը լինի իրական, ցանկանում ենք, որ գործարքը լինի ստուգելի, և ցանկանում ենք, որ գործարքը պահպանվի»։

Share.