Ֆուտբոլիստներ Ջուլիան Կինյոնեսը և Ռաուլ Խիմենեսը գուցե խփեցին վճռորոշ գոլերը, բայց շոուն գողացավ մի սովորական բադ։

Մինչ ամբողջ Մեքսիկան խանդավառությամբ տոնում էր ազգային հավաքականի հաղթանակը Հարավային Աֆրիկայի նկատմամբ Աշխարհի առաջնության բացման խաղում, Մերլին անունով երկու տարեկան բադը, որը հագնված էր ազգային հավաքականի գույներով, դարձավ մեծ ինտերնետային սենսացիա և մրցաշարի առաջին ոչ պաշտոնական թալիսմանը։
Մերլինի լուսանկարները, որտեղ նա հպարտորեն քայլում էր Մեխիկո քաղաքի փողոցներով՝ մարզաշապիկով և գուլպաներով, հազարավոր ծափահարող երկրպագուների առջև, անմիջապես տարածվեցին՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ։ Մեծ կախարդի անունը կրող Մերլինը մեկ գիշերվա ընթացքում գրավեց աշխարհի տարբեր ծայրերից եկած օգտատերերին։

«Մենք ուզում ենք տեսնել Մերլինին տրիբունաներում», – գրել են օգտատերերը մեկնաբանություններում։
«Այս բադն արդեն իսկ ազգային գանձ է Մեքսիկայի համար»։
«Սա անկասկած լավագույն բանն է, որ մինչ այժմ տեղի է ունեցել այս Աշխարհի առաջնությունում»։
Ջրավաճառից մինչև միլիոնավոր մարդկանց կուռք
Այնուամենայնիվ, Մեխիկո քաղաքի բնակիչների համար Մերլինը վաղուց տեղական աստղ է: Նրան հաճախ կարելի է տեսնել մայրաքաղաքի պատմական կենտրոնում անցկացվող տոնավաճառներում և տոնական միջոցառումներին: Նա իր տիրուհուն՝ Կարլա Գոմեսին, ուղեկցում է ամենուր, երբ վերջինը հանգստյան օրերին իր փոքրիկ սայլակից ջուր և զովացուցիչ ըմպելիքներ է վաճառում: Նրանց յուրաքանչյուր զբոսանքը միշտ ուղեկցվում է անցորդների ոգևորված ճիչերով և միասին սելֆի անել ցանկացող մարդկանց հերթերով:
«Մենք չենք սիրում նրան տանը մենակ թողնել. մենք ուզում ենք, որ նա միշտ մեզ հետ լինի: Նա մեր երեխան է», – ժպիտով ասում է Կարլա Գոմեսը: «Նա մեր սիրելի երեխան է, իմ ամբողջ ունեցվածքի միակ ժառանգորդը, և հիմա նա համաշխարհային խորհրդանիշ է»:
Անկախ եղանակից, Մերլինը հնազանդորեն հետևում է Կարլային և նրա փոքրիկ որդուն՝ Քրիստիանին, մայրաքաղաքի ամենախորհրդանշական տեսարժան վայրերով՝ Ալամեդայի կենտրոնական այգուց և Գեղարվեստի պալատից մինչև գլխավոր հրապարակ՝ Զոկալո: Ի դեպ, թռչունը սկզբում գնվել էր որպես նվեր Քրիստիանի համար, և այդ ժամանակվանից նրանք անբաժան ընկերներ են դարձել։

Տիրուհին խոստովանում է, որ դեռևս չի կարողանում հաղթահարել իր ընտանի կենդանու հանկարծակի հռչակի մասշտաբները։
«Մերլինն արդեն բավականին հայտնի էր փողոցներում՝ օգնելով մեզ շշալցված ջուր վաճառել։ Բայց մենք երբեք չէինք պատկերացնում, որ նա այդքան մեծ սենսացիա կառաջացնի ամբողջ աշխարհում։ Մենք լիովին անպատրաստ էինք», – ավելացնում է Կարլան։
Այժմ ընտանիքը հույս ունի, որ իրենց հայտնի փետրավոր երկրպագուն կշարունակի հաջողություն բերել Մեքսիկայի ազգային հավաքականին։ Հիշեցնենք, որ 2026 թվականին Մեքսիկան պատմական երրորդ անգամ կընդունի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը (1970 և 1986 թվականների մրցաշարերից հետո)՝ այս անգամ որպես համատեղ կազմակերպիչ Կանադայի և Միացյալ Նահանգների հետ։
«Մեքսիկա, մենք քեզ հետ ենք», – հայտարարել է Կարլա Գոմեսը։ «Եվ Մերլինը պաշտոնապես ձեր թիվ մեկ երկրպագուն է»։
